Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան այցելել է մայիսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանից առեւանգված երկու հայ զինծառայողներին: Ալիեւան ծանոթացել է հայ զինվորների պահման պայմաններին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայ զինվորականները պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ունեցել։ Նշվում է, որ նրանց «բժշկական եւ հոգեբանական օգնություն է ցուցաբերվել»:
Երեւանը ավելի վաղ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ադրբեջանական կողմից երկու հայ զինվորականների՝ Հարություն Հովակիմյանի եւ Կարեն Ղազարյանի առեւանգման թեմայով: Հայկական կողմը պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել, մասնավորապես նրանց կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ եւ պարտավորեցնել Բաքվին տվյալներ ներկայացնել զինվորների պահման պայմանների, առողջական վիճակի մասին: