Հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաները, միմյանց լրացնելով, ասում են, որ վերջնական համաձայնություն չկա, թե որ քարտեզով պետք է սահմանազատում իրականացվի։
Խոսքն ամեն դեպքում, կարծես, ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզների մասին է։ Եվ հիշվում է Հրանտ Մաթեւոսյանի դիտարկումը, որ պետությունը գույքագրած ունի գյուղացու ոչ միայն տնամերձը, այլեւ գերանդին, փոցխը, մուրճը, ուրագը․․․
Այդպես էր, եւ մեր «բարեկամ» թուրքերը թեւավոր խոսք ունեին․ «Խորհրդային պետությունը նապաստակն «արաբայով» է բռնում»։ Եվ մե՜ծ կեղծիք է, երբ ասում են՝ ԽՍՀՄ հանրապետությունները սահման չեն ունեցել։ Խորհրդային սահմանադրությունը հստակ ասում էր, որ միութենական հանրապետության սահմանները կարող են փոխվել միայն նրա համաձայնությամբ։ Բաքվում գերազանց գիտեն, թե որտեղ էր ՀԽՍՀ-ի հետ Ադր․ ԽՍՀ-ի սահմանը։
Երբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծն անցնում էր Օմար-Հորադիզով, մենք թույլ էինք տալիս գրել, որ «սահմանին անհանգիստ է», իսկ հրադադարի խախտումը տեղի էր ունենում ոչ թե, ասենք, Խոզնավար համայնքի տարածքում, այլ Կարախանբեյլիում։ 44-օրյա պատերազմից հետո թշնամին կրակում է Սոթքի ուղղությամբ եւ ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությամբ արձանագրում, որ «հայ-ադրբեջանական պայմանական սահմանի Բասարգեչարի ուղղությամբ․․․» է հրադադարը խախտվել։ Ինչո՞ւ էինք մենք Կարախանբեյլին «սահման» անվանում։ Որովհետեւ այդպես էինք ուզում։
Խնդիրը քարտեզը չի՝ որ թվականի էլ լինի։
Պետք է նայել խորքը։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրության իմաստով միջպետական հարաբերությունների կարգավորման ոչ մի իրավական հնարավորություն չկա։ Որովհետեւ մենք «գաղտնագրել ենք», որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ ադրբեջանցիների «իմացած» Հայաստանը այն է, ինչ իրենց Դեմոկրատական հանրապետությունը 1918 թվականի հունիսի 4-ին ճանաչել է Բաթումի պայմանագրով։ Սա է իրավական կազուսը, ինչի մասին, իհարկե, Իլհամ Ալիեւը պարզ չի արտահայտվում, բայց շատ թափանցիկ ակնարկում է, թե «սահմանազատումը պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով»։ Դրա համար էլ նա չի հայտարարում, որ ճանաչում է Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը։
Եվ հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Քիշնեւի բանակցություններից Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունը «կողմնակալ» է բնութագրում։ Ըստ էության՝ դա է ասում նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ իր եւ կառավարության գերնպատակ հայտարարելով Հայաստանի «կադաստրի վկայականի» միջազգային վավերացումը։ Ուզում է ասել՝ եթե կարողանանք հասնել նրան, որ Ադրբեջանը ճանաչի ՀԽՍՀ-ից ժառանգած մեր տարածքի ամբողջականությունը, դրա ամեն քառակուսի կիլոմետրի վրա Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը, ապա կունենանք երաշխավորված խաղաղություն։
Իսկ Ադրբեջանը կճանաչի՞։
Կարծես թե՝ այո՛, բայց մի պայմանով․ Հայաստանը պետք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի «անբաժանելի մաս», այլեւ ընդունի, որ ԼՂ հայ բնակչությունն «ադրբեջանահպատակ է»։ Ինչ-որ մեկը, կարծես, հետեւողականորեն շրջանցում է այս ամենագլխավոր հարցը։
Եվ երբ այդ մասին «խոհեմաբար» լռում է նաեւ Հայաստանի ինստիտուցիոնալ եւ արտախորհրդարանական ընդդիմությունը, ապա տպավորություն ես ունենում, թե «Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու» տարբերակը ներկայումս փոխակերպվել է «Լեռնային Ղարաբաղը Մեղրիի հետ փոխանակելու» բանակցային դիսկուրսի։ Կոպիտ ասած՝ Մեղրին «տալիս էինք, որ ԼՂ-ն ունենանք Հայաստանի կազմում», իսկ հիմա «Լեռնային Ղարաբաղն ամեն ինչով, այդ թվում՝ 120 հազար հայ բնակչությամբ տալիս ենք, որպեսզի Մեղրին պահենք»։
․․․ Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան օգտատերը մեջբերել էր Վազգեն Սարգսյանին։ Ասում է՝ Մեղրին ավելի կարեւոր է, քան նույնիսկ Ղարաբաղը։ Ուրեմն ի՞նչ։ Վազգեն Սարգսյանը գիտե՞ր, կանխատեսո՞ւմ էր, որ գալու է Մեղրիի եւ Արցախի միջեւ ընտրության ժամանակը, եւ մենք ստիպված, պարտադրված ենք լինելու Մեղրին պահել, որովհետեւ այդ «քարուքռան աշխարհի հզորներին մեր դուռն է բերում»։ (Վազգեն Սարգսյանի բնորոշումն եմ մեջբերում)։
Իմաստ չունի հարցնել՝ ե՞րբ է այդ «պայծառատեսությանը» եկել Սպարապետը։ Իրականության դեմ անզոր է նաեւ ճիչը՝ եթե այդպես էր ասելու, 98-ին ինչո՞ւ տապալեց կարգավորման մի տարբերակ, որտեղ Ադրբեջան-Նախիջեւան ուղղակի հաղորդակցության (Մեղրին հանձնելու) մասին նույնիսկ ենթատեքստային ակնարկ չկար։ Անցյալն՝ անցյալին․․․
Պետք է զինվել գիտակից սառնասրտությամբ։
Պետք է կարողանալ իրականության աչքերին ուղիղ նայել։
Աղետը գալիս է մեր անլուր չիմացության հետքերով։
Ոչ մի քարտեզ հայերին եւ ադրբեջանցիներին չի հաշտեցնելու։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։