Ըստ ամերիկյան Bloomberg պարբերականի՝ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար, ազգային հետախուզության կազմակերպության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը, ամենայն հավանականությամբ, կակտիվացնի Անկարայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ուղղությամբ։ Գործակալության տվյալներով՝ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնում Ֆիդանն Անկարայի հարաբերությունների բարելավման նպատակով արդեն ոչ պաշտոնական բանակցություններ է վարել Եգիպտոսի, Իսրայելի, ԱՄԷ-ի, Իրաքի եւ Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Bloomberg-ը գրել է նաեւ, որ Անկարայի ռազմավարական նապատակը տարածաշրջանային հակամարտությունների հարթեցումն է եւ օտարերկրյա ներդրումների ներգրավումը, որոնք անհրաժեշտ են Թուրքիային տնտեսական խնդիրների պայմաններում։ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության նոր ղեկավարի պաշտոնում էլ նշանակվել է 2014-ից նախագահ Էրդողանի խոսնակի եւ խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Իբրահիմ Քալընը։