Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին ԱՄՆ պաշտոնյաներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց: Մասնավորապես, նա դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քննադատությունները Իրանի հասցեին եւ նշել, որ Թեհրանն առանց երկմտելու կուժեղացնի իր պաշտպանության եւ զսպման կարողությունները:
«Այլ կառավարությունների նկատմամբ ուժի դիմելու ԱՄՆ սպառնալիքը դեմ է միջազգային օրենքին, հատկապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, հետեւաբար Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հապաղի ուժեղացնել իր զսպող ուժը եւ պաշտպանել իր իրավունքներն ու անվտանգությունը»,- հավելել է Քանաանին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում անցկացված Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի ամենամյա գագաթնաժողովում Իրանին մեղադրել էր միջուկային զենք ձեռք բերելու մտադրության համար եւ կրկնել իր սպառնալիքը Թեհրանի դեմ, որ արձագանքի բոլոր տարբերակները քննարկվում են: Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է ՄԱԳԱՏԷ-ին՝ միջուկային զենք ձեռք բերելու Իրանի փորձերը չխոչընդոտելու համար: