ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ «Հեշտ կլիներ հեռու մնալ: Բայց ես այդպես չեմ դաստիարակվել: Ուստի այսօր Աստծո եւ իմ ընտանիքի առջեւ հայտարարում եմ, որ մասնակցելու եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին»,- ասում է Փենսը: ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմում փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած 64-ամյա Փենսը մեղադրում է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին եւ «արմատական ձախերին»՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով Միացյալ Նահանգները թուլացնելու համար:
«Ամերիկյան երազանքը ջախջախվում է մոլեգնող գնաճով, աշխատավարձերը նվազում են, ռեցեսիան մոտալուտ է, մեր հարավային սահմանը շրջափակման մեջ է, եւ ազատության թշնամիները շրջում են աշխարհում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ ամերիկյան արժեքները վտանգի տակ են ավելի, քան երբեւէ: «Մենք կարող ենք վերականգնել այս երկիրը: Կարող ենք պաշտպանել մեր ժողովրդին եւ ապահովել մեր սահմանը: Կարող ենք վերականգնել մեր տնտեսությունը եւ վերադարձնել մեր երկիրը հավասարակշռված բյուջեի ուղու վրա, պաշտպանել մեր ազատությունները եւ Ամերիկային նոր սկիզբ տալ»,- նշել է Փենսը:
Դեմոկրատական կուսակցությունից առայժմ նախագահի թեկնածուների նախնական ընտրությանը՝ փրայմերիզներին մասնակցելու իրենց թեկնածությունն են առաջադրել ԱՄՆ գործող նախագահ, 80-ամյա Ջո Բայդենը, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը,ւ գրող Մարիաննա Ուիլյամսոնը։ Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի համար պայքարելու ցանկություն են հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, Հարավային Կարոլինայի հանրապետական սենատոր Թիմ Սքոթը եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին: Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին հաջորդ շաբաթ կմիանա նախագահական մրցապայքարին։