ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ տարած հայտարարության մեջ հատուկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Ողջունելով մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ-ի գլխավորած Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցությամբ խաղաղ բանակցությունների վերսկսումը՝ Բրյուսելն Ադրբեջանին կոչ է արել մշակելու օրակարգ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:
«Ներկայիս իրավիճակը մտահոգիչ է եւ ունի բացասական մարդասիրական ազդեցություն, քանի որ էթնիկ հայ բնակչությունը բազմիցս բախվել է հիմնական էներգետիկ եւ հաղորդակցական ծառայությունների խափանումներին, մինչդեռ հրադադարի հաճախակի խախտումների մասին հաղորդումները լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց բարեկեցության համար: Եթե դա դեռ շարունակում է տեղի ունենալ, Բաքվին կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկելու էթնիկ հայ բնակչության նկատմամբ սահմանափակումները վերացնելու ուղղությամբ՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում եւ թույլատրելով իրականացնել էլեկտրացանցի տեխնիկական սպասարկում եւ վերանորոգում»,- ասված է ԵՄ հայտարարությունում:
Բացի դրանից՝ ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալու թշնամական հռետորաբանությունից եւ փոխարենն առաջ մղելու այնպիսի խոսույթ, որը ստեղծում է վստահություն եւ խաղաղ բանակցություններին նպաստող միջավայր: «Պետք է նաեւ վստահության ամրապնդման հետագա միջոցներ ձեռնարկվեն, հատկապես՝ բանտարկյալների ազատ արձակման առումով: ԵՄ-ն շարունակելու է աջակցել ականազերծման աշխատանքներին, եւ շեշտում ենք կողմերի միջեւ համագործակցության կարեւորությունը՝ ականապատ տարածքները տեղորոշելու նպատակով»,- ասված է ԵՄ հայտարարությունում: Հայտարարությունը եզրափակվում է ԵՄ վստահեցմամբ, որ միավորումը հավատարիմ է խաղաղ, կայուն, անվտանգ Հարավային Կովկաս կառուցելու ուղղությամբ ջանքերին, ինչը բխում է այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների շահերից: