ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 7-ին ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։ Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր` ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացնելու են միայն հայկական ծառայությունները: Նա նշել էր, որ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում, եւ կողմերն ուղղակի ի գիտություն են ընդունել, եւ հույս ունեն, որ այս սկզբունքով կշարժվեն նաեւ մյուս գործընկերները: Գրիգորյանը բարձրացրել էր նաեւ Հայաստանին զենք վաճառելու, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակում համագործակցելու հարցը:
Զախարովան նշել է, որ հարցը բարձրաձայնելիս լրագրողը Գրիգորյանի հայտարարությունն ամբողջությամբ չի մեջբերել, քանի որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ելույթում հարձակումներ են եղել Մոսկվայի հասցեին։ «Նախ` կուզեի, որ Ձեր նշած բարձրաստիճան ներկայացուցիչը այնուամենայնիվ կողմնորոշվեր` կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, որը պետք է լինի, եւ որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նման հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը»,- ընդգծել է Զախարովան։
Անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցը առարկայորեն մշակում են ՌԴ-ի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի փոխվարչապետները: Զախարովան հավելել է, որ ճիշտ չի համարում արձագանքել Գրիգորյանի` սահմանային հատվածներում վերահսկողության վերաբերյալ մեկնաբանությանը եւ ընդգծել է, որ այդ հարցը համապատասխան ներկայացուցիչների իրավասության տակ է: