Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Ճապոնիայի պաշտպանության ուժերը վերանայում են դաջվածքների արգելքը, քանի որ փորձում են ավելացնել զինվորագրման մակարդակը արագ կրճատվող բնակչության շրջանում: Դաջվածքները վաղուց տաբու են Ճապոնիայում, որտեղ դրանք նույնացվում են յակուձա հայտնի հանցավոր մաֆիոզ խմբավորումների հետ: Այդուհանդերձ, պաշտոնյաների պնդմամբ երիտասարդ ճապոնացիները դաջվածքներ են անում, ոչ թե յակուձայի հետ նույնանալու համար, այլ նորաձեւությունից ելնելով։
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի համալրվածությունը, պաշտոնական տվյալներով, նվազել է10%-ով, եւ 2022-ի ապրիլին բանակն ի վիճակի չի եղել լիարժեք զորակոչ անցկացնելու: «Դիմորդներին մերժելը միայն այն պատճառով, որ նրանք դաջվածքներ ունեն, խնդիր է ստեղծում մարդկային ռեսուրսների բազայի ուժեղացման առումով»,- պնդել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մասահիսա Սատոն:
Պաշտպանության նախարարության կադրային բյուրոյի ղեկավար Կազուհիտո Մաչիդան էլ հայտնել է, որ Ճապոնիայում ծնելիության անկումը նկատի ունենալով՝ արգելքը պետք է վերանայվի։ 125 միլիոնանոց երկիրը 2022-ին ունեցել է 800 հազարից պակաս ծնունդ, մինչդեռ 1970-ականներին տարեկան ծնունդների թիվը ավելի քան երկու միլիոն էր: Վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիան պետք է անդրադառնա իր բնակչության կրճատմանը եւ ծերացմանը «այժմ կամ երբեք»: