1990-ականներին մենք ծանր ժամանակներ ապրեցինք` խորհրդային երկրի քայքայում, չորս տարուց ավելի ձգվող պատերազմ, տնտեսության փլուզում ու շրջափակում։ Բայց այս ամենին զուգահեռ ոչ միայն կարողացանք պետություն հայտարարել, այլեւ դնել պետության հիմքերն ու ամրապնդել։
Ինչ-որ բան, հաստատ, այն չի եղել, ոմանք, անկասկած, վատն են եղել, եղել են կամա թե ակամա խանգարողներ, ինչ-որ գործ, անկասկած, այնպես չի արվել, ուշացել է, գուցե, ինչ-որ նախաձեռնություն, բայց, վերջին հաշվով, բոլոր բացթողումներով ու բոլոր թերություններով հանդերձ՝ հաջողություններ ենք գրանցել։ 2000-ականների շեմին ունեինք արդեն ոտքերի վրա ամուր կանգնած, հեղինակություն վայելող ու կանխատեսելի պետություն։ Կար նաեւ վստահություն, որ վաղն ավելի լավ է լինելու։
Բայց իշխանության եկան պարզունակ ազգայնականությամբ ու ֆիդայական մտածողությամբ տարված, պետության կարեւորությունը չգիտակցող մարդիկ։ Նրանց համար գլխավորն իրենց սեփական բարեկեցությունն էր ու իրենց իշխանությունը։ Սկսեցին հարմարեցնել պետությունն իրենց կարիքներին ու պատկերացումներին։ Իսկ նրանց պատկերացումներն աշխարհի, պետության, հայրենիքի, երկրի, պատմության ու ապագայի վերաբերյալ խիստ մակերեսային էին։ Եղեռնից, Տիգրան Մեծից, պատմական արդարությունից, պատմության ուսումնական քարտեզներից, ծովից ծով Հայաստանի առասպելից այն կողմ չէին անցնում։
Այս մարդիկ գալիս էին խորհրդային երկրից, բերում էին իրենց հետ խորհրդային մտածողությանը շաղախված նացիոնալիզմ ու ֆիդայա-երկրապահական հայրենասիրություն։ Նրանց համար այս կամ այն երկրին Եղեռնը ճանաչել տալը եղել է ավելի կարեւոր գործ, քան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղիների որոնումը։ Արցախի խնդրի ձգձգումը գերադասվել է խնդրի լուծմանը։ Չեն մտահոգվել այս մարդիկ, որ մեկուսանում է Հայաստանը, որ դուրս է մղվում տարածաշրջանային տնտեսական ծրագրերից։ Հայտարարել են վստահորեն, թե մեր երկիրը 100 տարի էլ շրջափակված կապրի ու կզարգանա։ Իրենց ու հանրությանը կերակրել են դատարկ հույսով, թե ինչ-ինչ ուժեր Ադրբեջանին թույլ չեն տալու, որ պատերազմ սկսի։ Բոլոր հաղթանակներն ու բոլոր հաջողություններն իրենց են վերագրել։ Հոխորտացել են, թե հաղթել են ու հաղթելու են։
2018-ին իշխանության եկան նորերը։ Նրանց ուսերին, թվում էր, չկա անցյալի բեռը, պայմանականություններով կաղապարված չեն, ժամանակակից կրթություն ստացած երիտասարդներ են ու կարող են ոչ միայն հեղափոխական փոփոխություններ բերել, այլ բեկել նաեւ հարեւանի հետ դեպի հակասությունների խորացում ու դեպի պատերազմ տանող մեր ընթացքը։ Բայց, պարզվեց, տարիքը եւ կրթությունը շրջահայաց ու լայնախոհ լինելու, վտանգը հասկանալու, առաջնահերթությունները ճիշտ դասավորել կարողանալու բավարար նախապայմաններ չեն։ Պարզվեց՝ երիտասարդները նախկինների ուղիղ շարունակողներն ու նրանց լավ աշակերտներն են։ Պարզվեց՝ նույն գավառական հայրենասերներն են, որոնց հայրենասիրությունը պետության ու հայրենիքի դեմ է աշխատում։
Իրար շարունակելով ու փոխլրացնելով` բերեցին մեզ պատերազմի ու պարտության։ Փոշիացրին 1990-ականների մեր բոլոր ձեռքբերումները, բոլոր հաջողությունները եւ բոլոր հաղթանակները։ Տապալեցին ամեն ինչ։ Ոչինչ չմնաց։ Միայն պետությունն է մնացել, որի թուլացած հիմքերը չարակամի նպատակասլացությամբ շարունակում են խարխլել։ Չկա ապագային միտված ոչ մի ծրագիր։ Չկա քայլերի մշակված հաջորդականություն։ Ապրում են օրվա թելադրանքով։ Առաջնայինն, ինչպես իրենից առաջ եղածների դեպքում էր, իշխանությունը պահելու անհրաժեշտությունն է։ Ավելի կարեւոր միտք ու ավելի կարեւոր գործ չկա։ Մնացած ամեն ինչը, կլինի պետություն, պետության տարածքային ամբողջականություն, անվտանգություն, պետության հեղինակություն՝ սրան է ստորադասվում։
Այս պարագայում եւ գրանցված ու գրանցվող պարտությունների ու չընդհատվող նահանջների ֆոնին, երբ խոսում են հաշտությունից ու խաղաղությունից, չի ոգեւորում եւ հավատ չի ներշնչում։ Որովհետեւ ո՛չ հաշտությունն է հաշտություն, եւ ո՛չ էլ խաղաղությունն է խաղաղություն։ Պարտություն է ամբողջը։ Չընդհատվող ու անվերջանալի նահանջ ու պարտություն։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։