ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 7-ին՝ 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Արցախի ՊՆ-ից էլ հայտնել են, որ հունիսի 8-ին՝ 02:25-02։35-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 8-ի 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Ադրբեջանը զուգահեռաբար ապատեղեկատվություն է տարածում
Արցախի ՊՆ-ից հայտնել են նաեւ, որ Ադրբեջանը միաժամանակ շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։ Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի առավոտյան իբր կրակ են բացել Շուշիի շրջանի՝ Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղությամբ, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։