CNN Turk-ը հայտնել է, որ Մեւլութ Չավուշօղլուին փոխարինած Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ի թիվս այլ միջազգային խնդիրների, քննարկել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը։
«Բլինքենը նախարար Ֆիդանին շնորհավորել է նոր նշանակման կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, Թուրքիա-Հայաստան եւ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները, F-16-ների ձեռքբերումն ու արդիականացումը, ինչպես նաեւ ուկրաինական հացահատիկի մասին համաձայնագիրը», — ասված է հաղորդագրության մեջ:
Հաքանը եւ Բլինքենը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս սեղմ ժամկետում հանդիպում կազմակերպել ընդհանուր օրակարգի հարցերը լուծելու համար: