Երեւանում տեղի ունեցավ Կապի եվրոպական գագաթնաժողովը, որն այս տարի անցկացվում է «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա եւ տարածաշրջան» խորագրով։
Կապի եվրոպական գագաթնաժողովի համակազմակերպիչներն են ԱՄՆ-ում գործող «Ինտերնետ հասարակություն» կազմակերպությունը եւ Հայաստանի օպերատորների միությունը։ Միջոցառումը, որի գործընկերներն են «Արփինետ» ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, անցկացվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ Վրաստանից, Հունաստանից եւ Ղրղզստանից։
Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին եւ շահագրգիռ կառույցներին, որպեզի հեռավոր համայնքներում ինտերնետ կապի հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման մասին քննարկումներ, ապա գործուն քայլեր արվեն։
Ինտերնետ կապի հասանելիությունն այսօր մարդկության համար առաջնահերթությունների շարքում է եւ ստեղծում է հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար:
«Ինտերնետ հասարակություն» կազմակերպությունն աջակցում եւ նպաստում է ինտերնետային կապի զարգացմանը՝ որպես գլոբալ տեխնիկական ենթակառուցվածք, մշակում է համացանցի օգտագործման քաղաքականություն, կառուցում է համայնքային ցանցը եւ նպաստում վերջինիս աշխատունակության ապահովմանը։
«Այս գագաթնաժողովը հիանալի հարթակ է ոլորտի մասնագետների միջեւ գիտելիքի եւ փորձի փոխանակման համար։ Հուսով եմ՝ այս երկու օրերի ընթացքում քննարկումները եւ ձեռքբերումները հետագա համագործակցության հիմք կդառնան` ապահովելու հասանելիություն ամենուր»,- նշեց գագաթնաժողովին առցանց միացած «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության տեխնոլոգ Միչուկի Մուանգին։
Ինտերնետային կապն այսօր մարդկության համար առաջնահերթությունների շարքում է եւ ստեղծում է հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար: Ինտերնետ առկայությունը կարող է նպաստել մի շարք ոլորտների, այդ թվում` կրթության, բիզնեսի եւ տուրիզմի զարգացմանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում նշեց՝ մեր երկիրն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքում է ամբողջ աշխարհում։
«Երեխաների համար անվտանգ ինտերնետ ստեղծելու նպատակով աշխատանք է տարվում ընտանիքների, երեխաների, դպրոցների եւ որոշակի խմբերի համար անհրաժեշտ գործիքակազմ ստեղծելու նպատակով»,- նշեց Հակոբ Արշակյանը։
Այժմ աշխարհում 8 միլիարդից շուրջ 2,7 միլիարդ մարդ դեռ ինտերնետ չունի։ Ինտերնետային կապի բացակացության պատճառ կարող են լինել աշխարհագրական դիրքը, ենթակառուցվածքների պակասը եւ որոշ տեղերում բնակչության սակավությունը։ Նման իրավիճակներում ինտերնետ կապի հասանելիություն ապահովելը պահանջում է նոր՝ ոչ ավանդական մոտեցումներ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը ելույթում նշեց՝ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է, որ մինչեւ 2026 թվականը Հայաստանի բնակավայրերի 80 տոկոսը պետք է ապահովվի լայնաշերտ ինտերնետ (լարային ինտերնետ) կապի հասանելիությամբ, որը բավականին մեծ ցուցանիշ է ամբողջ աշխարհում։
«Հայաստանի բնակավայրերի 66,5 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, եւ ըստ այդմ՝ բնակչության 96 տոկոսն ունի լայնաշերտ ինտերնետի հասնանելիություն։ Իսկ այն բնակավայրերը, որոնք չունեն լայնաշերտ ինտերնետ, ապահովված են շարժական ինտերնետով»,- ասաց Ավետ Պողոսյանը։
Քայլեր են ձեռնարկվում, որ լայնաշերտ ինտերնետ չունեցող հեռավոր համայնքները եւս առաջիկայում ապահովվեն որակյալ կապով։
«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն, որը ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերին, միավորել է հեռահաղորդակցության եւ հարակից ոլորտների ընկերություններին՝ ներկայացնելով նրանց շահերը ներպետական եւ միջազգային կառույցներում։
Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանն իր ելույթում նշեց՝ «Հայաստանի օպերատորների միության» նպատակն է նպաստել ինտերնետի եւ հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը, ինտերնետի եւ հեռահաղորդակցության ոլորտների օրենսդրական դաշտի բարելավմանը։
«Մեզ համար չափազանց կարեւոր է Հայաոտանի ամբողջ տարածքում հասնել որակյալ կապի հասանելիության եւ, իհարկե, ինտերնետ կապի անվտանգ կիրառության»,- ասաց Քրիստինե Գյոնջյանը։
Գործընկերների հետ իրականացրած ծրագրով Արարատի մարզի Շաղափ համայնքն արդեն ապահովվել է լայնաշերտ ինտերնետ կապով։ Մինչեւ 2020 թվականը բարձրլեռնային գոտում գտնվող Շաղափում լայնաշերտ ինտերնետ չկար․ դպրոցում եւ տներում մարդիկ օգտվում էին շարժական ինտերնետից, որի արագությունն ու որակը ակնհայտորեն զիջում է լայնաշերտին։
Շաղափի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Լուսինե Մուրադյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմեց՝ 2020 թվականից գյուղն ապահովվել է լայնաշերտ բարձրորակ ինտերնետային կապով։
«Նախկինում կապը հաճախ ընդհատվում էր, իսկ հիմա նման դեպքեր չեն լինում։ Երեխաների ոգեւորությունը շատ մեծ է ինֆորմատիկայի դասերի ընթացքում։ Համայնքի բնակիչներից քչերն են հիմա օգտվում շարժական ինտերնետ կապից․ մեծ մասն օգտվում է լայնաշերտ ինտերնետ կապից, որի միջոցով հնարավոր է նաեւ ունենալ ավելի շատ հեռուստաալիքներ։ Նշեմ, որ մեր դպրոցում նաեւ ռոբոտաշինության դասասենյակ կա, որը ստեղծվել է 2022 թվականին։ Ես ռոբոտաշինության մարզիչն եմ։ Տեխնիկապես զինված, լայնաշերտ ինտերնետ կապով ապահովված մեր կաբինետում հիմա արդյունավետ պարապմունքներ են անցկացվում»,- եզրափակեց Լուսինե Մուրադյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։