Ամերիկյան «Bloomberg» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան, որպես ԱՄՆ-ից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի մեծությամբ երկրորդ բանակն ունեցող երկիր, հոկտեմբերին կստանձնի Բալկաններում, մասնավորապես, Կոսովոյում եւ Մետոխիայում (KFOR) ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարումը Իտալիայի փոխարեն։
Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի Հանրապետության նախագահ Վյոսա Օսմանին հույս էր հայտնել, որ ՆԱՏՕ-ի KFOR խաղաղապահ ուժերը կմնան տարածաշրջանում այնքան ժամանակ, քանի դեռ Կոսովոն ՆԱՏՕ-ի անդամ չի դարձել:
Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ էր ուղարկել Կոսովո։ Անկարան հայտարարել էր, որ ի պատասխան ՆԱՏՕ-ի դաշնակից Միացյալ ուժերի հրամանատարության խնդրանքի` որպես պահեստային ստորաբաժանում տեղակայվել է 65-րդ մեքենայացված հետեւակային բրիգադի գումարտակը: