Ինչո՞ւ ձախողում եւ ինչո՞ւ սպասելի։ Պատասխանը պարզ է. հենց առաջին իսկ գործով, որի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեր, իրեն արդեն բնորոշ բառախաղերով «ջրեց» ամեն ինչ։ Խոսքը Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրելուն է վերաբերում։
Զարմանալի ոչինչ չկա։ Եթե ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ ՔՊ-ականների խուլիգանական պահվածքին գնահատական չտվեց, հրաժարվեց Ալեն Սիմոնյանի թքաբանական վարքագիծը մեկնաբանելուց՝ միայն հանդուրժողականության վերաբերյալ ընդհանուր ֆրազներ արտաբերելով, ապա պարզ էր, որ հենց գործը վերաբերի իշխանությանը, դարձյալ նույն բանն է անելու։
Իսկ ինչո՞վ է զբաղված այս ամիսների ընթացքում մեր իրավունքների պաշտպանը։ Եթե նայում ենք մամուլի այն հաղորդագրությունները, որ ամեն օր տարածում է նրա գրասենյակը, ապա տպավորություն է, թե Անահիտ Մանասյանը չի ուտում, չի խմում, չի քնում, 24 ժամ քափուքրտինք կտրած զբաղված է մարդկանց «մատից փուշ հանելով»։ Ահա՝ հաղորդագրություններից մի քանիսի միայն վերնագրերը։
«Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում համայնքապետարանը վերանորոգել է բազմաբնակարան շենքի ջրամատակարարման խողովակը», «Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է երեխայի նպաստի իրավունքը», «Պաշտպանի աջակցությամբ դիմումատուն ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր». շատ են, չշարունակեմ։
Անշուշտ, կոնկրետ մեկ երեխայի նպաստը վերականգնելը նույնպես կարեւոր է։ Խնդիրն այն է, որ Պաշտպանի՝ իր պարտականությունների կատարումը դարձնում են ՓիԱռ արշավի մաս. տեսեք` ինչ բուռն գործունեություն է ծավալում։ Սա նույնն է, որ ավտոդողեր նորոգողն ամեն օր հաղորդագրություն տարածի, թե ինչ լավ նորոգեց «ձյաձ Մուկուչի» «Զապորոժեցի» ծակ անվադողը, հավաքարարը՝ թե ոնց է բակն ավլել էսօր եւ այլն։ Պաշտպանն իր գործն է արել, թմբկահարում եք, որ ի՞նչ։ Շնորհակալությունը քի՞չ է։
Իհարկե, քիչ է։ Նման հաղորդագրությունները հենց նրա համար են, որ քողարկեն պաշտպանի անգործությունը, երբ խոսքը վերաբերում է իշխանության կոշտուկները տրորել ենթադրող գործի, ինչպիսին է հենց Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրելը։ Ահա Անահիտ Մանասյանի հայտարարությունից մի հատված.
«Մարդու իրավունքների պաշտպանը, պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումները, ձեռնպահ մնալով ընթացիկ քրեական վարույթով որևէ գնահատական տալուց, արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց, արձանագրում է, որ քրեական վարույթի ընթացքում պետությունը պատասխանատվություն է կրում հետևողականորեն երաշխավորելու քրեորեն հետապնդելի արարքում մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցի իրավաչափությունը»։
Այո՛, ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով»: Սակայն որեւէ տեղ որեւէ խոսք չկա այն մասին, թե նա չի կարող բողոքարկել, քննարկել դատախազության եւ քննչական մարմինների գործունեությունը եւ դիմել նրանց։ Այսինքն՝ Անահիտ Մանասյանը հո կարո՞ղ է դիմել գլխավոր դատախազին՝ խնդրելով, որ վերջինս, իր լիազորություններն օգտագործելով, փոխի Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոց կալանքը։ Սակայն չի անում, չի դիմում, համենայն դեպս հրապարակային նման հայտարարություն չկա, նույնիսկ հիմա, երբ ընդամենը մեկ օրվա տնային կալանքից հետո դատարանը կրկին կալանավորեց տիկին Մարտիրոսյանին։ Այս անգամ՝ տուժող համարվող Աշոտ Փաշինյանի պահանջով։
Իսկ չի դիմում դատախազին, որովհետեւ գիտի, որ «ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող» Հայաստանում բոլոր նման որոշումները կախված են մեկ մարդուց, եւ բոլորը գիտեն, թե ով է այդ մեկ մարդը։ Դրա համար էլ ՄԻՊ-ը ընդամենը հայտարարում է մի բան, որը հայտնի է մարդու իրավունքներից քիչ թե շատ հասկացող յուրաքանչյուրին. «…Պաշտպանն ընդգծում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար»։
Նույն կերպ երեխաներին բռնությունից պաշտպանելու ընդհանուր հայտարարություններ արեց՝ Դիլիջանում 16-ամյա մատուցողի ծեծի առնչությամբ։ Էլի կոնկրետ ոչ մի խոսք։
Ու միշտ էդպես կլինի։ Աղմկահարույց դեպքերի մասին ընդհանուր դատողություններով հայտարարություններ կանի եւ կգնա հերթական «կարեւորագույն» խնդիրը լուծելու՝ վերականգնելու ինչ-որ մեկի տանիքի վերանորոգման իրավունքը։ Ու այդ մասին գրասենյակը կազդարարի ողջ աշխարհին։
Դա անշառ է, համ էլ մի երկու բերան շնորհակալություն կստանա, մի երկու հատ էլ՝ յուրայինների հիացական «քոմենթ» Ֆեյսբուքում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։