«2014 թվականին ծոծրակիս ձախ կողմում նորագոյացություն հայտնաբերվեց։ Հիվանդության առաջին փուլն էր։ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ճառագայթային բուժում նշանակեցին։ Հոգեբանական ծանր վիճակում էինք ես ու ընտանիքիս անդամները, երբ իմացանք՝ քաղցկեղ ունեմ»,-պատմում է 56-ամյա Յուրին։
Անկեղծորեն ասում է՝ ախտորոշման մասին իմանալուց հետո չէր հավատում, որ բուժվելու է․ բուժման ընթացքում մազերը թափվել էին, գունատվել էր, կյանքն ասես դուրս էր եկել բնականոն հունից։ Ընտանիքի անդամներն ու բուժող բժիշկներն անընդհատ հավատացնում էին՝ բուժվելու է, բայց դժվար էր դրան հավատալը․․․
«Հիվանդության ախտորոշումից մի քանի օր հետո, երբ մտածում էի՝ կյանքն ինձ համար վերջացել է, աղջիկս, քնից արթնանալով, ասաց․ «Պա՛պ, երազ եմ տեսել, հաստատ բուժվելու ես»։ Եվ այդ երազն իրականություն դարձավ։ Բժիշկների համառ ջանքերի ու պրոֆեսիոնալիզմի, ընտանիքիս անդամների աջակցությամբ բուժվեցի»,- ասում է Յուրին։
Մի հետաքրքիր ու անբացատրելի բան կա, որի մասին Յուրին մինչեւ հիմա հիշում է․ թեեւ չէր հավատում, որ բուժվելու է, բայց պայքարում էր հիվանդության դեմ։ Պայքարում էր հանուն ընտանիքի․ պարտաճանաչորեն հաճախում էր բժշկի, հետեւում բժիշկների բոլոր հորդորներին․․․
«Մոտ երկու տարի բժիշկները, ես ու ընտանիքիս անդամները ամեն մեկս մեր ուժերի չափով կռիվ մղեցինք ու հաղթեցինք քաղցկեղին։ Ասես անհնարը հնարավոր դարձրինք։ Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ իմացա՝ բուժվել եմ։ Բժշկին էի լսում, միաժամանակ հետազոտության պատասխանն էի մի քանի անգամ կարդում․․․ աննկարագրելի զգացողություն էր․․․ Բառերով նկարագրելու բան չէ։ Բուժվելուս մասին իմանալուց հետո մատաղ արեցինք, բաժանեցինք մարդկանց»,- հույզերը հազիվ զսպելով, ուրախության պահը վերապրելով՝ պատմում է Յուրին։
Վիճակագրություն
Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդ քաղցկեղ ունի։ Վիճակագրական վերջին տվյալներով՝ 2021 թվականին քաղցկեղի ընդհանուր դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 7,5%-ով, իսկ առաջին անգամ արձանագրված դեպքերը՝ 9%-ով։
2021-ին Հայաստանում գրանցվել է քաղցկեղի 54519 դեպք (ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ 2022 թվականի տվյալները դեռեւս ամփոփման փուլում են, հետեւաբար վերջինը 2021-ի տվյալներն են)։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս՝ քաղցկեղի ամենաշատ դեպքերը գրանցվել են Լոռու մարզում, ապա՝ Երեւանում, իսկ ամենաքիչ դեպքերը գրանցվել են Սյունիքում։
2021-ին Երեւանում գրանցվել է քաղցկեղի 22647, Կոտայքում՝ 4689, Լոռիում՝ 4628, Շիրակում՝ 4459, Արարատում՝ 4081, Արմավիրւմ՝ 3792, Գեղարքունիքում՝ 3431, Արագածոտնում՝ 1999, Տավուշում՝ 1931, Սյունիքում՝ 1874, Վայոց ձորում՝ 825 դեպք։
Քաղցկեղի աճի միտում կա։ Դա են վկայում նախորդ տարիների ցուցանիշները։ Մասնավորապես՝ 2018-ին Հայաստանում գրանցվել է քաղցկեղի 47146, 2019-ին՝ 50300, 2020-ին՝ 50416, 2021-ին 54519 դեպք։
Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին գրանցվել է քաղցկեղի 32580, իսկ 1991 թվականին՝ 21787 դեպք։
Հիվանդության աճի միտում կա ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 9,6 մլն մահվան դեպք։ Հայաստանում 1990 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 3484, 2020-ին՝ 5367, 2021-ին՝ 5266 մարդ։
Աշխարհում տարեկան գրանցվում է քաղցկեղի շուրջ 10-12 մլն նոր դեպք, իսկ Հայաստանում՝ միջինում 7700 դեպք։ 2021 թվականի հայաստանյան վիճակագրական տվյալների համաձայն՝ մեր երկրում քաղցկեղ ունեցողների 45%-ը տղամարդիկ են, 55%-ը՝ կանայք։
Տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, հաստ աղիքի, շագանակագեղձի, միզապարկի, կանանց շրջանում` կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի մարմնի, արգանդի պարանոցի քաղցկեղը։
Վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի եւ կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի աճի միտում է գրանցվել:
Մեր երկրում կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը՝ կրծքագեղձի, տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղն է։
Պետության ձեռնարկած քայլերը
ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 7-ի հրամանով հաստատվել է չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագիրը, որն ուղղված է քաղցկեղի կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, բուժմանը եւ այլն:
Չարորակ նորագոյացությունների կանխարգելման եւ վաղ հայտնաբերման նպատակով անհրաժեշտ է տարեկան մեկ անգամ այցելել առողջության առաջնային պահպանման հաստատություն եւ հետազոտվել: Քաղցկեղի վաղ ախտորոշման գործում կարեւոր են ապացուցողական հենք ունեցող սքրինինգային ծրագրերը: Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ այժմ մեր երկրում իրականացվում են մի շարք սքրինինգային ծրագրեր․
- Շարունակվում է 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը (ՊԱՊ թեստի հետազոտություն):
- 2021 թվականից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը: Շարժական մամոգրաֆը տեղակայվել է Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերի 8 քաղաքներում` սպասարկելով 50-69 տարեկան կանանց: Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես անցկացվում են անվճար` Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի աջակցությամբ:
- 2022 թվականին փորձարարական սկզբունքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում եւ Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որը կշարունակվի նաեւ այս տարի:
- Շարունակվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը. կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ I-III փուլ Her(+) պացիենտներին անվճար տրամադրվում է շվեյցարական նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ 600 մգլ» դեղամիջոցը` ամբողջ բուժման համար անհրաժեշտ քանակով, որի շնորհիվ բարելավվել է նրանց կյանքի որակը:
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ 2019 թվականից ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված կարգով ախտորոշված չարորակ նորագոյացություններով պացիենտների վիրահատական բուժումն անցկացվում է անվճար՝ պետական պատվերի՝ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ծառայությունների շրջանակում:
Հաստատված չարորակ ուռուցքաբանական եւ արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով եւ ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով, անցկացվում է պետական պատվերի շրջանակում:
Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում հատուկ եւ դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները եւս անվճար են:
Ախտորոշված չարորակ նորագոյացություններով պացիենտների քիմիաթերապեւտիկ բուժման ծավալը փոխհատուցվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված քիմիաթերապեւտիկ միջոցառումների նվազագույն սխեմաների շրջանակում: Մասնավորապես` սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձանց քիմիաթերապեւտիկ բուժման դեղամիջոցների ծախսերը փոխհատուցվում են պետության երաշխավորած արտոնյալ պայմաններով՝ առաջին քիմիաթերապիայի սեանսից սկսած մեկ տարվա ընթացքում տարեկան 300 հազար դրամի չափով։ Իսկ սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց քիմիաթերապեւտիկ բուժման դեղամիջոցները փոխհատուցվում են պետության երաշխավորած արտոնյալ պայմաններով՝ առաջին քիմիաթերապիայի սեանսից սկսած մեկ տարվա ընթացքում տարեկան 150 հազար դրամի չափով:
Պետական պատվերի շրջանակում ուռուցքաբանական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունն առկա է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի «Պետական պատվեր, հերթագրում» բաժնում:
Առողջապահության նախարարության՝ «Ալիք Մեդիային» տրամադրած տեղեկության համաձայն՝ «Ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով ներկայացված կատարողականի գումարը 2020 թվականին` 4 601 840 573 ՀՀ դրամ, 2021 թվականին` 5 922 668 064 ՀՀ դրամ, 2022 թվականին 6 743 482 881 ՀՀ դրամ էր:
(Հաստատված չարորակ նորագոյացությունների ախտորոշման դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքից կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները։ Ըստ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 23-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալու բժշկական օգնություն եւ սպասարկում ՀՀ օրենսդրության եւ ՀՀ միջազգային պայմանագրերի համաձայն):
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանը վստահեցնում է՝ պետությունը քայլեր է ձեռնարկում քաղցկեղի դեմ արդյունավետորեն պայքարելու համար։
«2021 թվականին ԱՆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կենտրոնը: 2022-ին ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան նոր պալիատիվ ծառայության կլինիկա: 2022 թվականի տվյալներով՝ Երեւանում եւ մարզերում պալիատիվ բուժօգնության ծառայություն է մատուցում արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային շուրջ 37 հաստատություն»,- մանրամասնում է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարը։
2020 թվականի մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները բուժում են ստանում թիրախային «Տրաստուզումաբ» («Հերցեպտին») դեղով՝ պետական ծրագրի շրջանակում: Հայաստանում ներդրվել է նաեւ ռադիոիզոտոպային թերապիա: Իզոտոպների օգնությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնում եւ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացվում է ուռուցքային հիվանդությունների ախտորոշում, նաեւ վահանաձեւ գեղձի չարորակ նորագոյացությունների բուժում ռադիոակտիվ յոդով:
«2020 թվականի հունիսից Հայաստանում իրականացվում է պոզիտրոն-էմիսիոն (PET) տոմոգրաֆիա, որը քաղցկեղի ախտորոշման ու բուժման ընթացքը հսկողության տակ պահելու համար խիստ անհրաժեշտ հետազոտություն է»,- նշում է Վարդանուշ Գրիգորյանը։
Քաղցկեղի վաղ ախտորոշման կարեւորությունը
Քաղցկեղը հնարավոր է բուժել, եթե վաղ է ախտորոշվում եւ կանխարգելվում։ Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի 1-2 փուլերում բուժման հավանականությունը 98-99% է: Քաղցկեղի փուլի հաջորդականությանը զուգընթաց իջնում է բուժման տոկոսային հավանականությունը:
«Քաղցկեղի 4-րդ փուլը համարվում է անբուժելի: Այս դեպքում բուժումը կատարվում է դեղորայքային՝ քիմիաթերապիա, թիրախային բուժում կամ իմունոթերապիա՝ կախված հիվանդության տեսակից․ այսպիսով պացիենտի ապրելիությունն է ապահովվում։ Ապրելիության մասին խոսելով՝ պետք է ասել՝ քաղցկեղի տարբեր տեսակների դեպքում կանխատեսումները տարբեր են»,- մանրամասնում է Վարդանուշ Գրիգորյանը։
Մարդն իր վարած կենսակերպով եւս կարող է հնարավորինս խուսափել քաղցկեղից։
Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, քիմիաթերապեւտ Նաիրա Ջանոյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ պետք է հիշել մի քանի կարեւոր նախապայման․ հարկավոր է հետեւել սննդակարգին, կարմիր միս հնարավորինս քիչ ուտել, քանի որ դրա շատ օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսաղիքային համակարգի քաղցկեղի։ Հարկավոր է հրաժարվել վատ սովորություններից՝ ծխելուց եւ ալկոհոլի չարաշահումից։ Ծխելը կարող է առաջացնել թոքի, բերանի խոռոչի եւ այլ օրգանների չարորակ ուռուցքներ։ Արեւի ճառագայթների տակ երկար մնալը կարող է առաջացնել մաշկի քաղցկեղ։ Հարկավոր է ֆիզիկական ակտիվությունը ճիշտ բաշխել․ չի կարելի երկարատեւ անշարժ մնալ։
«Հատկապես քաղաքներում ապրող մարդիկ հաճախ նստակյաց աշխատանքով են զբաղվում, քիչ են զբոսնում, իսկ դա կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման, ճարպակալման, որոնք կարող են լինել քաղցկեղի առաջացման պատճառ։ Հայաստանում բնակչության մեծ մասն ապրում է Երեւանում, որտեղ օդն աղտոտված է, որը նույնպես կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառալ։
Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ որոշ մարզերում այս հիվանդության մակարդակը բարձր է, մյուսներում՝ ցածր (2021 թվականին ամենաշատ դեպքերը գրանցվել են Լոռիում, ամենաքիչ դեպքերը՝ Սյունիքում)։ Բժշկուհի Ջանոյանն ասում է՝ ուռուցքաբանական ռեգիստրի ճշգրտությունը վերջին տարում է բարձրացել, մինչդեռ նախկինում այդ ուսումնասիրությունն այնքան էլ ճիշտ չի կատարվել։
«Օրինակ՝ եղել են կրկնվող դեպքեր, այսինքն՝ նույն դեպքը ռեգիստրում առանձին գրանցել է ե՛ւ Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, ե՛ւ, ենթադրենք, Լոռիում գտնվող բուժհաստատությունը, որտեղ տվյալ քաղաքացին գրանցված է եղել։ 2021-2022 թվականներին Սյունիքում քաղցկեղի ամենաքիչ դեպքերն են գրանցվել․ դա կարող է լինել պատերազմի, քիչ դիմելիության պատճառով։ Հեռավոր մարզերում դիմելիությունը միշտ ավելի ցածր է լինում, երբեմն հայտնաբերվում է շատ ուշ, նույնիսկ հետմահու»,- ասում է Նաիրա Ջանոյանը։
Նա նշում է՝ հեռավոր մարզերում մարդը կարող է մահանալ, եւ չարձանագրվի մահվան պատճառը, քանի որ դիահերձում չի կատարվել։ Իսկ Լոռվա մարզում կա ուռուցքաբանական ծառայություն, Լոռուց ավելի հեշտ կարելի է հասնել Երեւան, այսինքն՝ մարդիկ ավելի շատ են դիմում, եւ արձանագրվում են ավելի ճշգրիտ տվյալներ։
Այժմ արդեն ուռուցքաբանական ռեգիստրն աշխատում է հնարավորինս արդյունավետ, իսկ դա հնարավորություն կտա ունենալու բավականին ճշգրիտ վիճակագրություն։
Թանկարժեք դեղամիջոցներ
Հարցին՝ կա՞ն դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են քաղցկեղի բուժման համար, բայց մեր երկրում դեռեւս գրանցված չեն, եւ հնարավոր չէ դրանք կիրառել բուժման ընթացքում, Նաիրա Ջանոյանը պատասխանում է՝ վերջին տարիներին կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով որոշակի փոփոխություններ եղան։ Նախկինում պարտադիր էր դեղի գրանցումը, որպեսզի դա կիրառվեր բուժհաստատությունում։ Իսկ վերջին տարիներին իրավիճակն այլ է․ եթե տվյալ դեղի օգտագործման նախադեպը եղել է, առողջապահության նախարարությունը թույլատրում է, որ Հայաստանում չգրանցված այդ դեղն օրինական ճանապարհով Հայաստան ներմուծելու դեպքում բուժհաստատությունն օգտագործի։
Վերջին տարիներին ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ընթացքում ոչ միայն քիմիաթերապեւտիկ դեղորայք են օգտագործում, այլեւ արդեն թիրախային թերապիա եւ իմունոթերապիա է անցկացվում։
«Թիրախային թերապիայի եւ իմունոթերապիայի դեղորայքի քիչ ներմուծման պատճառը դրանց իրական արժեքն է, որը ներմուծողի համար եւս դժվարություն է առաջացնում․ այս երկու խմբի դեղերը շատ ավելի թանկարժեք են (300 հազարից մինչեւ 1 մլն դրամ կամ նույնիսկ ավելի թանկ), քան քիմիաթերապիայի դեղերը, եւ երբեմն հասանելի չեն։ Բայց ոմանք այդ բավական թանկարժեք դեղորայքը հայթայթում են եւ կարողանում են գնել»,- ասում է Նաիրա Ջանոյանը։
«Իմունոթերապիան ավելի «նեղ» օգտագործում ունի․ երբեմն երրորդ, չորրորդ ընտրության դեղորայք է լինում։ Այսինքն՝ եթե առաջին ընտրության դեղորայքն ըստ ուղեցույցների լինում է քիմիաթերապիան, կարող ենք երկրորդ գիծը փոխել նորից քիմիաթերապիա։ Լինում են նաեւ երրորդ, չորրորդ գծի թերապիաներ։ Սովորաբար, եթե նորագույն հետազոտությունները թույլ են տալիս վաղօրոք կանխատեսել, որ տվյալ մարդու դեպքում իմունոթերապիայի կիրառումն ավելի բարձր արդյունավետություն կապահովի, ապա մենք առաջարկում ենք իմունոթերապիա»,- ասում է բժշկուհին։ Իհարկե, նման դեպքերում լինում են իրավիճակներ, որ բուժառուն իմունոթերապիայի համար դեղեր գնելու հնարավորություն չի ունենում, իսկ պետությունը դեռեւս չի կարողանում լիարժեք տրամադրել դրանք։ Նաիրա Ջանոյանը հույս ունի՝ երբ առողջապահական ապահովագրությունն ավելի լայն տարածում ունենա, այդ բացն էլ կլրացվի։
Որքան դեղն ավելի նոր է հայտնաբերված, այնքան ավելի թանկ է․ ոչ միայն Հայաստանում է այդպես, այլեւ ամբողջ աշխարհում։ Հայաստանում կան ընկերություններ, որոնք ներկրում են այդ թանկարժեք դեղամիջողները եւ փորձում են հնարավորության սահմանում գինն իջեցնել, որպեսզի մարդիկ կարողանան գնել դրանք։
Մասնագետը հիշեցնում է՝ արդեն երրորդ տարին է, ինչ թիրախային թերապիայի դեղերից մեկը՝ «Հերցեպտին»-ը, ընդգրկվել է պետական պատվերի շրջանակում, եւ վաղ փուլերում (1-ին, 2-րդ, 3-րդ) գտնվող կրծքագեղձի քաղցկեղով բուժառուները ստանում են այդ թերապիան։ Արժեքը տարեկան շուրջ 17 հազար ԱՄՆ դոլար է, իսկ այդ գումարն ամբողջապես փոխհատուցում է պետությունը։ Բժշկուհին հույս է հայտնում, որ առաջիկայում մյուս դեղամիջոցները եւս աստիճանաբար պետական պատվերի շրջանակում կընդգրկվեն։
Պետք է ժամանակին դիմել բժշկի
Նաիրա Ջանոյանն ասում է՝ երբեմն մարդիկ շատ ուշ են դիմում բժշկի, երբ արդեն հնարավոր չէ հիվանդությունը կանխարգելել։ Արձանագրվում են դեպքեր, երբ ուռուցքն այնքան է մեծացել, որ, օրինակ, կուրծքն արդեն քայքայվել է։ Բժշկուհին հորդորում է ուշադիր լինել․ եթե մարմնի վրա որեւէ խալ է առաջացել ու չափերով մեծանում է, կամ ինչ-որ շոշափելի գոյացություն է նկատվում, հարկ է արագորեն դիմել բժշկի։
«Երբ հետանցքից կամ աղիքից արյուն եք նկատում կամ որովայնում երկար ժամանակ ցավեր եք ունենում, պետք է արագ դիմեք բժշկի։ Հատկապես այն դեպքերում, երբ որովայնը երկու շաբաթ ցավում է, ու ցավը չի անցնում, չի կարելի սպասել»,- ասում է բժշկուհին։
Կան դեպքեր, երբ մարդիկ չեն հաճախում բուժզննության՝ պատճառաբանելով, թե ֆինանսներ չունեն, բայց երբեմն նույնիսկ անվճար սքրինինգային հետազոտության հնարավորության դեպքում ոմանք խուսափում են հետազոտվելուց։
«Այս տարի Բերդ քաղաքում էինք, որտեղ շարժական մամոգրաֆ սարք կար․ կանայք անվճար հետազոտվելու հնարավորություն ունեին։ Այնտեղ մի կին կար, որը գիտեր, որ իր կրծքում գոյացություն է առաջացել, բայց չէր գնացել հետազոտվելու։ Գուցե վախեցել էր․․․ Բայց պետք է հասկանալ՝ նման դեպքերը շատ լուրջ հետեւանքների կարող են հանգեցնել»,- բացատրում է Նաիրա Ջանոյանը։
Ըստ նրա՝ հարկավոր է երեխային դեռ մանկուց դաստիարակել այնպես, որ նա իմանա՝ գանգատ ունենալիս պետք է դիմել բժշկի։ Բժշկի դիմելու մշակույթը պետք է զարգացնել մեզանում, եւ ինչո՞ւ չէ, կարելի է կրթական հաստատություններում որոշակի ծրագրեր իրականացնել, որպեսզի բժիշկներն այցելեն ավագ դպրոցներ եւ դասընթաց վարեն՝ աշակերտներին մանրամասնորեն բացատրելով, թե ինչի կարող են հանգեցնել ծխելը, ալկոհոլային խմիչքներ, թմրանյութեր օգտագործելը․․․
Ըստ Նաիրա Ջանոյանի՝ առողջ ապրելակերպ ունենալու, վատ սովորություններից զերծ մնալու եւ բժշկի դիմելու մշակույթը մարդու մեջ պետք է ձեւավորել փոքրուց, քանի որ դա կօգնի հասնելու նրան, որ մարդիկ հաճախեն հետազոտության, որը հնարավորություն կտա հիվանդությունը վաղ հայտնաբերելու եւ կանխարգելելու։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։