Եվրոպական մայրաքաղաքներ այցերը հաճախ մեզանում պատմամշակութային կարծրատիպերի պրիզմայով են ընկալվում ու մեկնաբանվում։ Լինեն դրանք պաշտոնական այցեր, թե մասնագիտական փոխանակման ծրագրեր, Խրիմյան Հայրիկին հիշելու առիթներ միշտ լինում են։ Բայց որքան էլ մերժելի լինի խրիմյանական մոտեցումը եվրոպական ատյանների հետ շփվելիս, այլընտրանքը չպետք է լինի երկխոսության ու հանդիպումների բացակայությունն առհասարակ։
Ծայրահեղությունների սիրահար մեր հասարակության համար հաճախ բարդ է ընկալել, որ կարելի է լինել Բրյուսելում «առանց շերեփի», բայց քննարկել, թե ինչ «ապուր» է եփվում միջազգային ու տեղական կաթսաներում։ Եվ, իհարկե, մինչեւ շերեփի ու ապուրի միջեւ զուգահեռներ տանելն էլ չպետք է մոռանալ, որ Խրիմյան Հայրիկի ժամանակների «հպատակ ազգերի» մասին չէ այլեւս խոսքը, ու ինչքան էլ ուժերի անհավասարակշիռ իրադրության հետ գործ ունենանք, խոսքն ամեն դեպքում պետությունների միջեւ փոխհարաբերությունների մասին է։
Եվ ուրեմն, մի քանի բառով փորձագիտական խմբով Բրյուսել այցելության իմ տպավորությունների մասին։
Այն, որ հավաքական Արեւմուտքից ու ԵՄ-ից հայաստանյան փորձագիտական դաշտը ուռճացված ակնկալիքների վտանգավոր հեղեղ էր ստեղծում, տեսանելի էր Երեւանից էլ, եւ այդ մասին գրում, խոսում ենք սակավաթիվ փորձագետներ (որքան էլ դա բոլորովին թրենդային չէ՝ համեմատած «հեսա Եվրոպա ենք գնում» ու «առանց Մոսկվա կորած ենք» երկու ծայրահեղությունների հորձանուտում)։ Բայց բրյուսելյան հանդիպումներն էլ ավելի ընդգծեցին այդ մոտեցումների՝ ոչ միայն գերուռճացված լինելը, այլ նաեւ բացարձակ անհամատեղելիությունը եվրոպական շրջանակների քննարկումների հետ։
Այսպես, «ԵՄ-ն շուտով սանկցիաներ է կիրառելու Ադրբեջանի նկատմամբ» պնդումը որեւէ հիմք չունի ոչ միայն այն պատճառով, որ ԵՄ-ն Ադրբեջանին համարում է «վստահելի գործընկեր» եւ էներգետիկ ոլորտում լուրջ փոխգործակցության ծավալների ավելացում է ակնկալում, այլ նաեւ, որ ենթադրյալ սանկցիաները պիտի ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների կոնսենսուսով ընդունվեն, մինչդեռ նրանցից որեւէ մեկի օրակարգում նման հարց չկա։ Ավելին, ի հեճուկս ԵՄ խորհրդարանում հնչող տեսակետների, ընդունած հայտարարությունների՝ ԵՄ հանձնաժողովը, կարծես, դատապարտելի արարքներ չի «նկատում» Ադրբեջանի վարքագծում։
Մյուս պնդումն այն է, որ Ադրբեջանը ռուսական գազ է արտահանում դեպի ԵՄ՝ իր գազային պաշարների անվան տակ, եւ որ այս իրողությունը շուտով կբացահայտվի ու կպատժվի, արձագանք չի գտնում Եվրոպայում մի քանի պատճառներով։ Նախ, ադրբեջանական տարածքով ռուսական գազի տարանցման վերաբերյալ եվրոպական աղբյուրները երկու վարկած էին առաջ քաշում։ Ըստ վարկածներից առաջինի՝ ռուսական գազն ադրբեջանական խողովակներում այնքան փոքր ծավալի է, որ չի կարող ազդեցություն ունենալ ԵՄ-Ադրբեջան գազային գործարքի ընդհանուր տրամաբանության ու հեռանկարի վրա։ Երկրորդ վարկածի համաձայն՝ որքան էլ Ադրբեջանը գազ գնի Ռուսաստանից, դեպի ԵՄ գնացող խողովակներով հոսում է հենց ադրբեջանական գազը, եւ դրա մասին հետազոտություններ ունեն՝ որպես հղման աղբյուր։
Բայց այս ամենից զատ եւ ամենից կարեւորը երկու այլ հանգամանքներ են։ Նախ՝ ռուսական գազն, ինքնին, պատժամիջոցների տակ չէ, ու թեեւ կա ընդհանուր որոշում չգնելու ռուսական գազ՝ Ուկրաինայում պատերազմող երկրի բյուջեն չհարստացնելու համար, բայց նույնիսկ այսօր դեռեւս որոշ ծավալի գազ է գնվում Ռուսատանից ԵՄ երկրների կողմից։ Այլ կերպ ասած՝ նույնիսկ Ռուսաստանից ռուսական գազի գնումն ամբողջությամբ չեղարկված չէ։
Մյուս կողմից, երբ քննարկվում է հանցագործ երկրից գազ գնելու նպատակահարմարության մասին, եվրոպական պաշտոնյաները բոլոր քննարկումները փակող ունիվերսալ ձեւակերպում ունեն՝ «մենք որոշում ունենք ապաքաղաքականացնել էներգետիկ ոլորտը»։
ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում առանցքայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային ձեւաչափի մասին հարցն էր։ Երեւանում այդ հարցին հղում է արվում որոշակի խորհրդապահական տարրերով՝ տպավորություն ստեղծելով, թե կան որոշումներ դրանց իրագործման վերաբերյալ, բայց չկա որոշում դրանց մասին բարձրաձայնելու։ Եվրոպայի մայրաքաղաքում, սակայն, նույնպես պատկերացում չունեին, թե ինչպես է պաշտպանվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու միջազգային ինչպիսի ձեւաչափի մասին է խոսքը։
«Կարծես ոչ բացահայտ, բայց շատ դանդաղորեն այդ հարցերը գալու են բանակցային սեղան»,- եվրոպացի մի պաշտոնյայի պնդմանն ի պատասխան՝ հենց իր գործընկերներից մեկը արձագանքեց՝ «բայց էթնիկ զտումը, ցավոք, այդ նույն դանդաղությամբ չի իրագործվելու»։ «Իսկ ի՞նչ կլինի Եվրոպայի արձագանքը, եթե Ադրբեջանը ռազմական օպերացիա իրականացնի Լեռնային Ղարաբաղում» հարցին էլ եվրոպական պետական գերատեսչություններից մեկի գրասենյակում անսովոր՝ երեքրոպեանոց լռություն տիրեց․ չէին մտածել այդ մասին։
Նշանակո՞ւմ է արդյոք, որ մենք առհասարակ պիտի դադարենք Եվրոպայի հետ այս թեմայով խոսելուց. իհարկե, չի նշանակում։ Ավելին, սա նշանակում է, որ ավելի հաճախ ու ավելի որակյալ ու բովանդակային պիտի լինեն եվրոպացի պաշտոնյաների հետ հայաստանյան պաշտոնյաների հանդիպում-քննարկումները։ Բայց այս հարցերի վերաբերյալ եվրոպական դիտանկյունն իմանալը պիտի օգնի չստեղծելու պատրանքներ մեր «համատեղ նպատակների» մասին։
Համատեղ այդ նպատակները ներառում են ներքին ռեֆորմների, քաղաքական ու տնտեսական փոխգործակցության հետագա ընդլայնման մասին քննարկումներ, նաեւ կոնֆլիկտի լուծման վերաբերյալ քայլեր, բայց ոչ երբեք մեր ազգային իղձերի համար եվրոպական հովանոցների տրամադրում։ Այդպիսի հովանոց չկա ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ էլ Մոսկվայում։
Կարծիքս, ուրեմն, մնում է անփոփոխ․ ներկա ճգնաժամը հաղթահարելու եւ Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգության հարցը լուծելու «բանալին» տարածաշրջանում է․ որքան էլ որցավոտ ու բարդ լինի, ներկա իրադրության մեջ, երբ ցանկացած մայրաքաղաքում խոսում են «Ադրբեջանի վրա ազդեցություն չունենալու» մասին, Ադրբեջանի հետ բանակցել/պայմանավորվելն է մնում միակ ելքը՝ բոլոր հարթակներում։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։