Երեւանում տեղի ունեցավ «Նորարարություն եւ կրթություն-լիբերալ ֆորում Հայաստան» միջոցառումը, որը կազմակերպել էր Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը եւ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Կատրին Բաննախը։
ԵՊՀ զարգացման եւ նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց՝ կարեւորում է ֆորումի անցկացումը, քանի որ նորարարական լուծումների կիրառումը եւ դրանց բազմազանության քննարկումը կրթական գործընթացների կազմակերպման համատեքստում չափազանց կարեւոր են արագ զարգացող ու փոփոխվող աշխարհում։
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն ասաց՝ ֆորումը դառնալու է ամենամյա՝ ներառելով տեղական ու միջազգային գործընկերներին ու ոլորտի ներկայացուցիչներին։
«Այս ֆորումը հրաշալի հնարավորություն է գիտելիքի ու փորձի փոխանակման, նոր կապեր հաստատելու համար, որոնք կարող են օգտակար լինել կրթության կազմակերպման քաղաքականության մշակման համար։ ԵՊՀ-ն կարեւոր գործընկեր է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի համար, եւ մենք այժմ քննարկում ենք համագործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարային ծրագրերը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Ֆորումի ընթացքում քննարկվեց կրթության քաղաքականությունը, ներկայացվեց, թե ինչպես կարելի է նպաստել կրթության ոլորտի նորարարությանը, իմանալ պատմության եւ սոցիալական-հումանիտար առարկաների ոլորտների նորարար ծրագրերի, տվյալ ոլորտներում մարտահրավերների եւ քաղաքականությունների գործընթացի առանձնահատկությունների մասին։ Այս համատեքստում ներկայացնելով գերմանական փորձը՝ Լայբնիցի կրթական մեդիայի ինստիտուտի EFREC նախագծի ղեկավար Շթեֆան Զամլերը պատմեց՝ եվրոպական երկրներն այսօր պատմության դասավանդման նոր մեթոդներ ունեն։ Լայբնիցի կրթական մեդիայի ինստիտուտը կիրառում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ի հայտ եկած մոտեցումները․ Գերմանիան մեծ ներդրումներ է անում, ջանքեր է գործադրում ուսուցիչների վերապատրաստման գործում, որպեսզի նրանք կարողանան ձեւավորել ժողովրդավարական կրթական համակարգ։
«Այդ մեծ ներդրումները կատարվել են, որ ուսուցիչները ժողովրդավար հասարակություն ձեւավորեն։ 1955 թվականին հիմնադրված մեր ինստիտուտը 1967 թվականից հետո Եվրոպայի խորհրդում հանդես է եկել որպես պատմության հետազոտությունների ինստիտուտ։ Մենք մշակել ենք պատմության դասագրքեր, որը խմբագրել է եվրոպական հանձնաժողովը։ Այդ դասագրքերում ներառվել է, այսպես ասած, հաշտեցման բաղադրիչը, որպեսզի մենք հրաժարվենք ազգայնական մոտեցումներից։ Մեր ինստիտուտը կրթության ոլորտում հետազոտություններ է անցկացնում։ Մենք մարդակենտրոն կրթության ու մեդիայի զարգացման գործում ջանքեր ենք գործադրում»,- ասաց Շթեֆան Զամլերը։
Նա պատմեց՝ պատմության դասագրքեր են մշակել նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար։ Եվրոպական երկրներում կան լաբորատորիաներ ու միջազգային ասոցիացիաներ, որոնք հետազոտում են ոլորտը, վերապատրաստում անցկացնում պատմության ուսուցիչների հետ։
«Սա կարեւոր է, որ եվրոպական երկրներում որեւէ պետություն չգերիշխի, եւ հավասարապես ջանքեր գործադրենք այս հարցում։ Այսուհանդերձ, կան դերակատարներ, որոնք այս հետազոտությունների դաշտում չկան։ Եվրոպացի գործընկերներից շատերն էլ գալիս են մեր ինստիտուտ, մեր գրադարանից օգտվելով՝ նոր դասագրքեր մշակում»,- ասաց Շթեֆան Զամլերը։
«Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր, ՄԱԶԾ «ImpactAim Accelerator»-ի ղեկավար Նարեկ Մանուկյանն, անդրադառնալով հայաստանյան կրթական ոլորտին եւ հատկապես պատմության դասավանդման առանձնահատկություններին, ասաց՝ հետազոտություններ են անցկացվել, որոնք ցույց են տալիս, որ որոշ պատմական դրվագների հետ կապված՝ մարդիկ միֆական, ոչ ճշգրիտ կամ ոչ ամբողջական պատկերացումներ ունեն։
«Մեկ այլ հետազոտություն էլ անցկացրել էինք պատմության ուսուցիչների շրջանում՝ խնդրելով ներկայացնել պատմության լավագույն դասաժամը, որն անցկացրել է յուրաքանչյուր ուսուցիչ։ Շատերն ասել էին՝ լավագույն դասաժամը եղել է այն օրը, երբ երեխաները հագել են ֆիդայիների համազգեստ կամ որեւէ վանքի փազլ են հավաքել, հետո լսել են Ներսիկ Իսպիրյանի երգերից։ Ստացվում է՝ պատմության դասաժամին արել են ամեն ինչ՝ բացի դրա գիտական կողմն ուսումնասիրելուց»,- նշեց Նարեկ Մանուկյանը։
Նա շեշտեց՝ աշակերտների մեջ հարկավոր է ձեւավորել պատմական դրվագների գիտական կողմն ուսումնասիրելու հմտություն, աշակերտը պիտի հարցերը բազմակողմանիորեն դիտարկելու հմտություններ ունենա, քանի որ այսօր այս առարկան բազմաթիվ միջոցներով ուսումնասիրելու հնարավորություններ կան։
Նարեկ Մանուկյանն ընդգծեց՝ դասագիրքը մեկ հոգու կամ մեկ խմբի մեկնաբանություն է, ուստի պատմության ուսուցիչը առարկան ուսումնասիրելու նորարարական այլ մեթոդներից պետք է կարողանա օգտվել եւ աշակերտներին եւս սովորեցնել այդ մեթոդներից օգտվելու հմտությունները։
«Քաղաքացիական կրթություն եւ մասնակցություն» ծրագրի Ֆորմալ կրթության բաղադրիչի թիմի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նշեց՝ հանրակրթության նոր չափորոշիչում մի կարեւոր նորամուծություն կա․ 7-12-րդ դասարանցիների համար նախագծային ուսումնառությունը պարտադիր է դարձել։
«Ժամանակակից մանկավարժության մեջ հայտնի է, որ նախագծային ուսուցումն այն ձեւերից է, որը հնարավորություն է տալիս ուսումնառությունը բերելու, մոտեցնելու իրական կյանքին՝ աուտենտիկ դարձնելու, որն էլ, որպես կանոն, մոտիվացնում է սովորողին։ Մենք հանձնառություն ունենք օգնելու պետությանը այս կարեւոր ինստիտուտի ներդրման եւ կայացման գործում։ Մենք պատրաստ ենք աջակցելու՝ վերապատրաստելու կամ ուսուցման նոր հնարավորություններ ստեղծելու հարցում»,- նշեց Ալեքսանդր Շագաֆյանը։
Նախագծային ուսուցման մեթոդը ուսումնաճանաչողական եւ համատեղ աշխատանքի կազմակերպման ձեւ է, որում ներգրավված են դասավանդողներն ու ուսումնառուները: Ուսումնական նախագծերը նպաստավոր պայմաններ են ստեղծում սեփական հնարավորությունները ճանաչելու եւ զարգացնելու համար:
Նախագծային ուսուցման վերաբերյալ կարգով սահմանվում է, որ ուսումնական խմբակներն անցկացվում են՝ համաձայն հանրակրթության պետական չափորոշչի, գիտության, արվեստի, զբոսաշրջության, հայրենագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ այլ ոլորտների վերաբերյալ արտադասարանական ուսումնառության եւ ժամանցի կազմակերպման նպատակով: Խմբակներ կարող են ձեւավորվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ, ինչպես նաեւ հաստատության տնօրենի հրամանով` մանկավարժական խորհրդի որոշմամբ կամ ծնողների առաջարկությամբ:
«Ալիք Մեդիայի» թղթակիցը հարց բարձրացրեց ուսուցիչների կամավոր ատեստավորման մտահոգիչ ցուցանիշների վերաբերյալ։ Այս ցուցանիշները, բնականաբար, սերտորեն կապված են աշակերտներին մատուցվող կրթության որակի հետ։ Հիշեցնենք՝ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդել է 30253 ուսուցիչ։ 2022 թվականին 30253 ուսուցչից կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել 3883-ը, որոնցից 2329-ն է մասնակցել գործընթացին: 1553 ուսուցիչ ատեստավորվել է, իսկ 1090-ի դրույքավճարը բարձրացել է, ցուցաբերած արդյունքին համապատասխան՝ նրանք ստանում են նաեւ հավելավճար։ Այսինքն՝ 2022 թվականին 30253 ուսուցչից միայն 2329-ն է կամավոր մասնակցել ատեստավորման գործընթացին․ նրանցից 776-ը չի հաղթահարել 60 տոկոսի շեմը։
Ալեքսանդր Շագաֆյանն ասաց՝ պաշտոնական տվյալներով՝ ուսուցիչների 5 տոկոսն է կամավոր ատեստավորվել։ Ըստ նրա՝ քննություն հանձնել կարողանալը դեռեւս չի վկայում լավ կամ վատ ուսուցիչ լինելը։ Թերեւս, համապատասխան լիազոր մարմինը պիտի մտահոգվի, թե որն է պատճառը, որ մեր ուսուցչական հանրությունն այս հնարավորությունից ակտիվորեն չի օգտվում։
«Իմ կարծիքով՝ բացի անինքնավստահությունից կամ համակարգի նկատմամբ վստահության բացակայությունից՝ այստեղ մի հարց կա, որն առերեւույթ իրավական խնդիր ունի․ դա կամավոր ատեստավորման՝ չհաղթահարելուց հետո ուսուցչի հետ պայմանագիրը խզելու կարգավորումն է։ Մի կողմից՝ կա կամավորի ինստիտուտը, մյուս կողմից՝ ուսուցիչը կարող է կորցնել աշխատանքը՝ մասնակցելով կամավոր ատեստավորման»,- ասաց Շագաֆյանը։
Նա ընդգծեց՝ առարկային տիրապետել-չտիրապետելու հարցը որոշվում է բուհն ավարտելիս, երբ համապատասխան պետական հանձնաժողովը որոշում է մասնագիտություն շնորհել կամ չշնորհել։ Հետեւաբար, եթե ատեստացիայով եւս դա պիտի որոշեն, ապա պետք է օրենքում համապատասխան կարգավորումներ փոփոխվեն։
Ըստ Նարեկ Մանուկյանի՝ եթե պետական տվյալ կառույցը ենթադրում է, որ մասնագետը, հնարավոր է, առարկային լավ չի տիրապետում, նշանակում է՝ իրենք իրենց տված պետական դիպլոմը կասկածի տակ են առնում։ Ըստ նրա եթե ատեստավորում է անցկացվում, ապա դա պետք է լինի պարտադիր բոլոր ուսուցիչների համար։
«Եթե պետությունը մարդուն դիպլոմ է տվել, հետո հասկացել է՝ սխալ էր նրան դիպլոմ տալը, ապա պետք է այդ դիպլոմը «հետ վերցնելու» ինստիտուտ լինի՝ սահմանելով, որ այն այլեւս գոյություն չունի։ Բայց եթե կրթության որակի վրա չեն ազդում, ատեստավորումը դարձնում են կամավոր, ու այսքան քիչ թվով ուսուցիչ է ատեստավորվում, պետք է հասկանալ, թե այստեղ կրթության քաղաքականության հարցում ինչ խնդիրներ կան, այնուհետեւ հարկավոր է դրանք բազմաթիվ տեսանկյուններից ուսումնասիրել եւ ճիշտ լուծումներ գտնել»,- նշեց Նարեկ Մանուկյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։