ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Իրանի հետ երաշխիքային համաձայնագրի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր զեկույցին: հայտարարությունում շեշտվում է, որ Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ, եւ «գործակալության պնդումը հիմնված է բացառապես Իսրայելի տրամադրած կեղծ եւ անհիմն տեղեկությունների վրա»։ «Չնայած գործակալության պնդումների համար հիմնավոր եւ վստահելի փաստաթղթերի բացակայությանը, Իրանը կամավոր լրացուցիչ ստուգումների հնարավորություն է տվել գործակալությանը, ինչը վկայում է, որ Թեհրանը պատրաստ է թափանցիկորեն աշխատել գործակալության հետ»,- նշել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել էր ՄԱԳԱՏԷ-ին՝ միջուկային զենք ձեռք բերելու Իրանի փորձերը չխոչընդոտելու համար: Ըստ նրա՝ «արգելված վայրերում միջուկային նյութերի հայտնաբերման վերաբերյալ Իրանի արդարացումները ոչ միայն անհուսալի են, այլեւ տեխնիկապես անհնար»։Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին խորհուրդ է տվել զերծ մնալ Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց:
Իրանի հետ միջուկային գործարքին չվերադառնալու հորդոր
2021-ի ապրիլին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը Միջին Արեւելքի գլխավոր սպառնալիքն է: Իսրայելի վարչապետը նշել է, որ Իրանը դեռեւս չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու իր գաղափարից եւ շարունակում է Իսրայելը ոչնչացնելու կոչեր հնչեցնել: 2022-ի փետրվարին էլ Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Նաֆտալի Բենետն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների ղեկավարին էր դիմել Իրանի հետ միջուկային գործարքին չվերադառնալու խնդրանքով: