Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցի՝ աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման պայմաններում միջուկային գերտերություններն ավելի ու ավելի խոշոր ներդրումներ են կատարում իրենց միջուկային զինանոցներում, իսկ ուժերի արդիականացման եւ ընդլայնման երկարաժամկետ ծրագրերի իրագործման արդյունքում օպերատիվ միջուկային զենքերի թիվը սկսել է աճել: Միջուկային ինը տերությունները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, ԿԺԴՀ-ն (Հյուսիսային Կորեա) եւ Իսրայելը, շարունակում են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները, իսկ դրանցից մի քանիսը 2022-ին տեղակայել են զենքի նոր համակարգեր՝ միջուկային լիցքերով կամ միջուկային զենք կրելու հնարավորությամբ: Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմի պատճառով լուրջ հարված է հասցվել միջուկային դիվանագիտությանը՝ զինաթափման եւ միջուկային զինանոցների նկատմամբ վերահսկողության առումով։
2023-ի հունվարի տվյալներով՝ 12 հազար 512 միջուկային մարտագլխիկներից մոտ 9576-ը պահվում էին ռազմական պահեստներում՝ հնարավոր օգտագործման համար, ինչը 86 միավորով ավելի է, քան 2022-ի հունվարին։ Այդ մարտագլխիկներից շուրջ 3844-ը տեղակայվել է հրթիռների ու ինքնաթիռների վրա, իսկ մոտ 2000-ը, որոնցից գրեթե բոլորը պատկանում են ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին, գտնվել են բարձր մարտական պատրաստության վիճակում. դա նշանակում է, որ դրանք տեղադրված են եղել հրթիռների վրա եւ պահվել են միջուկային ռմբակոծիչներով հագեցած ավիաբազաներում: Ըստ SIPRI-ի՝ Ռուսաստանը (5889 միջուկային մարտագլխիկ) եւ Միացյալ Նահանգները (5244 միջուկային մարտագլխիկ) տիրապետում են միջուկային զենքի գրեթե 90%-ին։ Անցած տարում նրանց միջուկային զինանոցների չափը մնացել է համեմատաբար կայուն։ Բացի օգտագործման ենթակա մարտագլխիկներից՝ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը ունեն սպառազինությունից հանված եւ աստիճանաբար ապամոնտաժվող ավելի քան 1000-ական մարտագլխիկ:
SIPRI-ի տվյալներով՝ 2022-ի հունվարի դրությամբ 350 մարտագլխիկներ ունեցող Չինաստանի միջուկային զինանոցը 2023-ի հունվարի դրությամբ հասել է 410-ի։ Թեեւ բրիտանական կառավարությունը 2021-ին հայտարարել էր մարտագլխիկների քանակը 225 միավորից 260-ի հասցնելու մասին, սակայն Բրիտանիայի միջուկային զենքերի զինանոցը 2022-ին չի ավելացել։ Ֆրանսիան (290 միջուկային մարտագլխիկ) շարունակում է գոյություն ունեցող համակարգերը վերանորոգել ու արդիականացնել եւ ստեղծել թեւավոր հրթիռներ, ինչպես նաեւ երրորդ սերնդի բալիստիկ հրթիռներով հագեցած միջուկային սուզանավ: Հնդկաստանը (164 միջուկային մարտագլխիկ) եւ Պակիստանը (170 միջուկային մարտագլխիկ) 2022-ին եւս ընդլայնել են իրենց միջուկային զինանոցները։ Ըստ զեկույցի՝ Հյուսիսային Կորեան (30 միջուկային մարտագլխիկ) իբեւ իր ազգային անվտանգության ռազմավարության առանցքային տարր շարունակում է առաջնահերթություն տալ իր ռազմական միջուկային ծրագրին: Իսկ Իսրայելը, որը թեեւ հրապարակայնորեն չի ընդունել, որ միջուկային զենք ունի, նույնպես արդիականացնում է իր միջուկային զինանոցը (90 միջուկային մարտագլխիկ):