Հունիսի 12-ին Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Նա հոսպիտալացվել էր ուրբաթ օրը: Բժիշկները պնդում էին, որ դա պայմանավորված չէ կրիտիկական իրավիճակով։ Իտալական Corriere della Sera պարբերականը հայտնել է, որ Բեռլուսկոնին սովորական հիվանդասենյակում է։ Նա ինքն էր ժամանել հիվանդանոց։ Նա ընդունվել է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոց, որտեղից մայիսի 19-ին 45 օր հիվանդանոցում մնալուց հետո դուրս է գրվել։ Մինչ այդ՝ ապրիլի 5-ին, 86-ամյա քաղաքական գործչին շտապ տեղափոխել էին հիվանդանոց եւ 10 օրից ավելի թողել վերակենդանացման բաժանմունքում։ Հոսպիտալացումից հետո բժիշկները հայտնել են, որ Բեռլուսկոնին հիվանդ է քրոնիկ միելոմոնոցիտային լեյկոզով՝ արյան քաղցկեղով: Սեպտեմբերին նա կդառնար 87 տարեկան։
Սիլվիո Բեռլուսկոնին քաղաքական գործունեություն է ծավալել 57 տարեկանում։ Նրա «Առաջ, Իտալիա» կուսակցությունը հիմնադրումից ընդամենը 60 օր անց դարձավ Իտալիայի խորհրդարանական ընտրությունների հաղթող 1994-ին։ Բեռլուսկոնիին միաժամանակ վստահվել էր երկրի վարչապետի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 1994-1995, 2001-2006 եւ 2008-2011 թվականներին։ 2011-ի վերջին` դատական մի քանի աղմկահարույց սկանդալներից հետո, ինչպես նաեւ տնտեսական մեծ դժվարությունների հետ մեկտեղ Իտալիայի նախագահի ճնշման տակ հրաժարական էր տվել: Սիլվիո Բեռլուսկոնին 1986-2016 թվականներին նախագահում էր «Միլան» ֆուտբոլային ակումբը, որը 30 տարվա ընթացքում բազմիցս նվաճել է եվրոպական գավաթները: 2005-ին Իտալիայի նախկին վարչապետ կապիտալը գնահատվում էր 12 միլիարդ դոլար: