Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հայտնել է, որ Հայաստանի շախմատիստները չեն մասնակցի Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը՝ անվտանգության նկատառումներով։ Հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում անցկացվելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 206 շախմատիստ։ Հայաստանից աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր ունեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը։ Կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության իրավունք Հայաստանից ունեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ներկայում ԱՄՆ-ը ներկայացնող Լեւոն Արոնյանն էլ հունիսի 8-ին թվիթերյան իր գրառման մեջ նշել էր, որ երկընտրանքի առաջ է կանգնել` մեկնել Բաքու, թե ոչ։ Նա խոստովանել է, որ որպես շախմատիստ կցանկանար մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանը, բայց որպես հայ մտահոգություններ ունի իր անձնական անվտանգության հարցում։ Արոնյանը հավելել է` քանի որ ՖԻԴԵ-ն առաջ է մղում հիբրիդային ձեւաչափը, ինքը պատրաստ է խաղալու ցանկացած հնարավոր վայրից. հիբրիդային ձեւաչափը ենթադրում է, որ շախմատիստը կարող է խաղալ առցանց, բայց այդ ընթացքում գտնվելով հանրային վայրում։
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան 2024 թվականի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բահրեյնում
ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ 2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի ոչ թե Հայաստանում, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, այլ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում: Քվեարկությունը տեղի է ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացված ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմի նիստում: Նշվում է, որ Բահրեյնի հայտը ստացել է ավելի մեծ աջակցություն, քան մյուս երկու թեկնածուներինը՝ Երեւանինն ու Տիրանայինը: 2024-ի ծանրամարտի աշխարհի առաջնությունը նշանակված է նոյեմբեր-դեկտեմբերին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից մի քանի ամիս հետո: