ՀՀ պետեկամուտների կոմիտեից հայտնել են, որ հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետի արդիականացման գործընթացը կշարունակվի մինչեւ 2026-ը։ Մաքսատունը վերանորոգվում է ԵՄ դրամաշնորհային միջոցներով եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկով: Շինարարական աշխատանքներն իրականացնելու է իրանական «Թանա էներջի մենեջմենթ» ՓԲԸ-ն։
Մեղրիի սահմանային անցակետում նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք։ Գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով անցակետը կունենա մուտքի ուղղությամբ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման, բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն քննման եւ մաքսային ձեւակերպումների մասնաշենքեր, ինչպես նաեւ մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ եւ այլ ենթակառուցվածքներ։ Մուտքի եւ ելքի ուղղությամբ կլինի 5-ական գիծ։ Արդիականացված սահմանային անցակետը կհամալրվի գերժամանակակից սարքավորումներով ՝ հսկողության եւ վերահսկողության համար։
2022-ին այդ աշխատանքների համար նախատեսվում էր հատկացնել 1,2 միլիարդ դրամ (շուրջ 3,1 միլիոն դոլար), սակայն շինարարության նախապատրաստման ընթացակարգերի ուշացումների պատճառով նախագիծը հետաձգվել է մինչեւ 2023-ը։ Ավելի վաղ ԵՄ ծրագրով արդիականացվել էին Վրաստանի հետ սահմանին գտնվող երեք սահմանային անցակետերը՝ Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան-Պրիվոլնոյե: