ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը որեւէ ապացույց չունի Պեկինի՝ Մոսկվային զենք մատակարարելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ն անհանգստացած է Չինաստանի տարբեր մասնավոր ընկերություններից Ռուսաստանի Դաշնություն երկակի օգտագործման տեխնոլոգիաների տեղափոխմամբ: Պետքարտուղարն ընդգծել է, որ ավելի վաղ չինական կողմը խուսափել է Ռուսաստան զենքի հնարավոր առաքումից՝ Ուկրաինայում ռազմական գործողություններիում կիրառելու նպատակով։
Մարտի 22-ին արձագանքելով Չինաստանի նախագահի մոսկովյան այցին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր՝ Սի Ծինփինի այս քայլը վկայում է, որ Պեկինն Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար ՌԴ-ին մեղավոր չի համարում եւ դիվանագիտական հովանոց է ապահովում Պուտինի համար:
Հունիսի 9-ին Politico-ն հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա շաբաթ նախատեսում է այցելել Չինաստան: Այցի մանրամասները Պետքարտուղարությունում դեռ հստակեցվում են: Այս այցը կլինի ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը Չինաստան 2018-ից ի վեր, երբ այնտեղ էր այցելել այն ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ դեռ ապրիլին Պեկինը համաձայնություն չէր տվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան այցին: ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան նախատեսված էր փետրվարին, սակայն ԱՄՆ օդային տարածքում հայտնված չինական սարքի պատճառով Բլինքենի ուղեւորությունը հետաձգվել էր։ Պեկինը քանիցս մերժել է նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ Չինաստանի պաշտպանության նախարար Լին Շանֆուի հետ հանդիպելու առաջարկը: