Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Շուշիում հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին։ Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Անկարայի կողմից այդ քայլը «ուղերձ կլինի ամբողջ աշխարհի, մասնավորապես՝ Հայաստանի համար»:
«Մենք վճռական ենք բոլոր ոլորտներում զարգացնել մեր հարաբերությունները, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ դուրս են եկել դաշնակցային մակարդակի»,- ասել է Էրդողանը։
Արցախի մեծությամբ երկրորդ քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով: 2021-ի հունիսին Էրդողանն ու Ալիեւը ստորագրել են ռազմավարական դաշինքի մասին, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը», որի ժամանակ էլ Էրդողանը խոսել է Շուշիում ամենասեղմ ժամկետում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն բացելու թեմայով: