Ըստ բելառուսական БелТА պետական գործակալության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով երկրում ռուսական մարտավարական միջուկային զենք տեղակայելու պատճառների թեմային, հայտնել է, թե որ դեպքում Մինսկն այն կկիրառի։ Ըստ նրա՝ միջուկային զենքն անհրաժեշտ է՝ որպեսզի «ոչ մի սրիկա այլեւս ոտք չդնի բելառուսական հող…»։
Բելառուսի նախագահը հայտարարել է նաեւ, որ հանրապետությունում ռուսական մարտավարական միջուկային զենքի պլանավորված տեղակայումն իր հրատապ խնդրանքը եւ պահանջն է եղել Ռուսաստանին՝ երաշխավորելու երկրի անվտանգությունը։
«Աստված չանի, որ ես ստիպված լինեմ այդ զենքը կիրառել ներկա ժամանակներում: Բայց ոչ մի երկմտանք չի լինի, եթե միայն ագրեսիա լինի մեր դեմ»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Նա ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառման պատճառ կարող է լինել միայն մեկ բան՝ ագրեսիան Բելառուսի դեմ։ «Եվ պատասխանը կլինի անհապաղ: Ես դա արդեն մի քանի անգամ նախապես ասել եմ… Կարծում եմ, որ հազիվ թե որեւէ մեկը կցանկանա կռվել մի երկրի դեմ, որը նման զենք ունի: Դա զսպման զենք է»,- շեշտել է Լուկաշենկոն: