ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար ջանքեր են գործադրվում, ըստ նրա՝ կողմերը նույնպես պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու բանակցությունները:
ԵԽ պատգամավոր Ֆրանսուա Քսավիե Բելավին խստորեն քննադատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը ԼՂ-ում հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: «Արդարադատության դատարանը դատապարտել է շրջափակումը, սակայն Ադրբեջանի պետական ահաբեկչությունը չի հանգեցրել Խորհրդի որեւէ պատժամիջոցի, իսկ Հանձնաժողովը, թվում է, անկարող է, ինչպես հարկն է, դատապարտել ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների այս շատ լուրջ խախտումը»,- նշել է ԵԽ պատգամավորը:
Բորելը շեշտել է, որ Լաչինի միջանցքը ԵՄ դիտորդական առաքելության պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս է: «Կան տարածքային գոտիներ, Հայաստանի հետ սահմանային հատվածներ, որտեղից երեւում է, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում, սակայն միջանցքն ինքնին առաքելության իրավասությունների եւ նրանց պատասխանատվության գոտուց դուրս է: Այժմ մենք փորձում ենք կոնկրետ այս խնդրի համար լուծում գտնել»,- նշել է դիվանագետը: Անդրադառնալով պատգամավորի դիտարկումներին՝ Բորելն ընդգծել է, որ «անցակետը տեղադրելու վերաբերյալ Ադրբեջանի միակողմանի որոշումը լիովին հակասում է կողմերի միջեւ վստահություն կառուցելու ջանքերին»:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը միաժամանակ հայտարարել է, որ Մոլդովայում անցկացված հնգակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Բորելը շեշտել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որը նման հայտարարություն է արել: ԵՄ բարձր հանձնակատարը հույս է հայտնել, որ պաշտոնական Բաքուն կընդունի այդ մեսիջը եւ ավելի մեծ ուշադրություն կդարձնի ԼՂ բնակիչների իրավունքներին ու անվտանգային հարցերին։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաեւ բարձր է գնահատել ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում, ինչը, նրա պնդմամբ, կարեւոր գործոն է հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման գործում։