ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 14-ին՝ 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
Ադրբեջանը Երասխում վիրավորել է օտարերկրյա 2 քաղաքացու
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանի ՊՆ-ն հունիսի 14-ին՝ 11:30-ի սահմաններում, ապատեղեկատվություն տարածելով, թե ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է օտարերկրյա 2 քաղաքացի: Գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆն ու Միրհասան Սահաջանն են:
Ըստ Առողջապահության նախարարության ավելի ուշ տարածած հաղորդագրության՝ մետալուրգիական գործարանի թիրախավորման հետեւանքով վիրավորում ստացած Հնդկաստանի երկու աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Արարատի ԲԿ-ի վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանը հայտնել է, որ ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած հնդիկների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ «Վիրահատությունը լավ է անցել, սակայն անզգայացումից դեռ չեն արթնացել»,– նշել է բժիշկը։ Նա հավելել է, որ երկուսն էլ բեկորային վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում։ Վիրահատության ժամանակ բեկորները հեռացվել են։ Թե վիրավորներն ինչքան կմնան հիվանդանոցում,դեռ հայտնի չէ։ Բժշկն ասել է, որ դա ցույց կտա առաջիկա երկու օրվա դինամիկան։