The Associated Press գործակալությունը հայտնել է, որ Գերմանիայի Բավարիա երկրամասում ավելի քան 300 բողոքականներ մասնակցել են եկեղեցական 40-րոպեանոց արարողությանը, որը գրեթե ամբողջությամբ անցկացվել է արհեստական բանականության՝ Chatbot ChatGPT-ի միջոցով: Արհեստական բանականության «մարմնավորված» սեւամորթ հոգեւոր հովվի ավատարը զոհասեղանի վերեւում կախված հսկայական էկրանից միապաղաղ ձայնով աղոթքներ, սաղմոսներ, քարոզներ եւ օրհնություններ է կարդացել: Chatbot ChatGPT-ի միջոցով պատարագ մատուցելու գաղափարի հեղինակներն են ChatGPT ընկերությունը եւ Վիեննայի համալսարանի 29-ամյա աստվածաբան եւ փիլիսոփա Յոնաս Զիմեռլեյնը։ «Ճիշտ է, պատարագը ես եմ մտահղացել, սակայն գործնականում պատարագի ժամանակ ավելի շուտ ձայնակցեցի, քանի որ 98%-ը մեքենայի աշխատանքն է։ Արդյունքում բավականին պատկառելի եկեղեցական ծառայություն դուրս եկավ»,- խոստովանել է աստվածաբանը:
Պատարագի եկած մարդիկ տարբեր կերպ են արձագանքել: Ոմանք երգում եւ նկարահանում էին իրադարձությունն իրենց հեռախոսներով, իսկ մյուսները հրաժարվել են արհեստական բանականության ավատարի հետ կրոնական խոսքեր կրկնելուց: 54-ամյա Հայդերոզ Շմիդտը լրագրողներին պատմել է, որ սկզբում հուզված ու կլանված է եղել, սակայն վերջում պատարագն ավելի ու ավելի է վանել իրեն։ «Այդ պատարագում սիրտ ու հոգի չկար: Ավատարները ոչ մի զգացմունք չէին ցուցադրում, չունեին մարմնի լեզու եւ խոսում էին այնքան արագ եւ միօրինակ, որ ինձ համար շատ դժվար էր կենտրոնանալ նրանց ասածների վրա: Միգուցե երիտասարդ սերնդի համար, որը մեծացել է արհեստական բանականությանը զուգահեռ, առավել ընկալելի է»,- մեկնաբանել է Շմիդտը։