Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կարեւոր քայլ» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Անկարա կատարած այցը, ինչպես նաեւ դրական է արտահայտվել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Թուրքիայի առաջնորդը «կարեւոր» է անվանել Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, դրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին:
Էրդողանը հավելել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացի առաջխաղացումը ծանրակշիռ ներդրում կունենա նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում: Ըստ Թուրքիայի նախագահի՝ «տարածաշրջանում, որտեղ շատ վիշտ է եղել, խաղաղության դռները բաց են», ուստի կողմերը չպետք է բաց թողնեն այդ պատեհությունը եւ պետք է պատասխանատու կերպով գործեն։
«Զանգեզուրի միջանցքի» հարցը բխում է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից. Էրդողան
Անդրադառնալով, այպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդրին, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ միջանցքի խնդիրը բխում է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից։ Նա նշել է, որ այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին եւ Անկարային:
Էրդողանը նաեւ բողոքել է երկաթուղային բեռնափոխադրումների համար չափազանց բարձր մաքսատուրքերից։ «Հուսով եմ՝ այդ խնդիրը շուտով կլուծվի։ Տարածաշրջանում հաղորդակցության հարցերին դրական մոտեցման դեպքում կարելի է ձեւավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան երկաթուղային եւ ավտոմոբիլային միասնական ցանց, եւ հնարավոր կլինի բացել «Պեկին-Լոնդոն» ճանապարհը»,- չի բացառել Էրդողանը։