Արենցի Անդրանիկ պապը գյուղում հայտնի է որպես խաղողի ամենաշատ բերք ստացող ու ամենալավ գինին պատրաստող բնակիչ: Փորձառու խաղողագործն ու գինեգործը, սակայն, վերջերս սկսել է սիրով լսել հարսի՝ 33-ամյա Սիլվա Գասպարյանի՝ խաղողագործության վերաբերյալ խորհուրդները:
Վայոց ձորի սահմանապահ գյուղը, որ հայաստանյան գինեգործության կենտրոններից է, սկսել է միավորել տարիների փորձն ու նորարար տեխնոլոգիաները՝ բերքի առավել մեծ ծավալ եւ ավելի բարձր որակ ստանալու համար:
Խոշորացված Արենի համայնքի համանուն բնակավայրում բարերարներ Վահե Գաբրաշի, Խաչիկ Հակոբյանի, շվեյցարական «Արմենիա», «Փիլիփոսյան եւ Փիլոսյան» հիմնադրամների հովանավորությամբ վերջերս բացվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական լաբորատորիա։
Ժամանակակից սարքավորումներով հագեցած եզակի այս կառույցում կատարվում են հողի, ջրի, պտղի հետազոտություններ որակական հատկանիշների, դրանց բարելավման եւ մշակման արդյունավետության վերաբերյալ։
Յուրաքանչյուր բնակիչ կարող է օգտվել հողատարածքի ուսումնասիրության ծառայությունից՝ հասկանալու՝ ինչի կարիք ունի հողը, ինչպես մշակել, ինչ պարարտանյութով հագեցնել:
Նախաձեռնողների, Արենիի համայնքապետարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ կնքված հուշագիրը նպատակ ունի զարգացնելու հետագա համագործակցությունը՝ ոլորտում առավել մեծ հաջողություններ գրանցելու համար։
Լաբորատորիայի ներկայիս երկու աշխատակցուհիները՝ Սիլվան ու Արփինեն, այժմ համագործակցության շրջանակում կրթություն են ստանում ագրարային համալսարանում: Երիտասարդ խաղողագործները ոգեւորված են՝ ե՛ւ նոր մասնագիտություն են ստանում, ե՛ւ աշխատանք ունեն, ե՛ւ ստացած գիտելիքը կարող են օգտագործել սեփական գյուղատնտեսական նախաձեռնությունները հաջողությամբ իրագործելու համար:
«Թեեւ հողի հետ վաղուց ենք աշխատել, բայց պարզվեց՝ դեռ շատ բան ունենք սովորելու: Լաբորատոր ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ ջուրն ինչ որակի է, ինչ պտուղ ակնկալել, հողը բերրի՞ է։ Անգամ այդ տարածքում աճող խոտաբույսը հնարավորություն է տալիս հասկանալու՝ այդ հողում ինչպիսի բերք կլինի»,-պատմում է Սիլվան, որ իր ստացած գիտելիքը համատեղում է սկեսրայրի փորձի հետ:
Ըստ անհրաժեշտության՝ հողի շերտի 60-80 սմ խորությունից վերցնում են փորձանմուշը, տեղափոխում լաբորատորիա: Հողն այնտեղ քիմիական տարրերով մշակվում է, հասկանում են՝ ինչն է բացակայում, ինչի կարիք կա, ինչով է հագեցած, ապա խորհրդատվություն տրամադրում խաղողագործներին: Այժմ հետազոտությունները կատարելու հարցում աշխատակիցներին օգնում են ագրարային համալսարանի գործընկերները:
Նախաձեռնության համակարգող, ղեկավար Խաչիկ Հակոբյանը վստահ է՝ հենց նման ծրագրերը կարող են զարկ տալ խելացի գյուղատնտեսության զարգացմանը՝ նպաստելով գյուղական բնակավայրերի առաջընթացին:
«Փորձում ենք գյուղացիներին բացատրել, որ ժամանակակից գյուղատնտեսությունը գիտություն է. եթե ամեն ինչ գիտական հիմքի վրա լինի, կունենանք քիչ ծախսատար, բայց եկամտաբեր ու մրցունակ գյուղատնտեսություն: Որակյալ հումքն էլ գինին մրցունակ կդարձնի ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային շուկայում»:
Բացատրելուց զատ տեսնել է պետք, կարծում է Խաչիկ Հակոբյանը: Գյուղացին իր աչքով պիտի տեսնի, համոզվի, որ մանրակրկիտ մշակված ծրագրերը, նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդները փոփոխություն են բերում, արդյունք են տալիս: «Մարզում տնկված ինտենսիվ այգիների բերքատվությունը տեսնելով՝ գյուղացիներն իրենք են համոզվում, որ հնարավոր է արդյունք գրանցել: Շատերը համատեղում են աշխատանքը՝ նաեւ այդ այգիներով աշխատելու փորձ ձեռք բերելով: Արդյունքից ոգեշնչվում են, եւ իրենք էլ սկսում են քայլեր անել»,- ասում է մեր զրուցակիցը:
Լաբորատորիայի գործունեությունը, սակայն, միայն ուսումնասիրություններով չի սահմանափակվում։ Կառույցը ծառայելու է նաեւ որպես ուսումնական կենտրոն, որտեղ կկրթվեն մարզաբնակ այգեգործները։ «Ուսումնասիրություններից ու խորհրդատվությունից զատ՝ ցանկանում ենք, որ իրենց փորձառությունն ավելացնեն նաեւ խաղողագործները: Կրկին ագրարային համալսարանի դասախոսների հետ համագործակցությամբ դասընթացներ կկազմակերպվեն, որոնց ընթացքում այգեգործներն իրենց հարցերն անմիջապես մասնագետներին կտան ու պատասխաններ կլսեն»:
Դասընթացները կմեկնարկեն խոր աշնանը՝ բերքահավաքից հետո, որ բնակիչներն ազատ լինեն: Հաջորդ փուլում՝ առաջիկա մեկ տարում, լաբորատորիան կընդլայնվի, ու նաեւ գինու ուսումնասիրություններ կկատարվեն: Նախաձեռնողները նշում են՝ հենց այսպիսի ծրագրերը սահմանապահին հնարավորություն կտան չլքելու գյուղն ու պահելու սահմանը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: