Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 15-ին՝ 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ հունիսի 15-ին՝ 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով վիրավորվել է ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը՝ 21-ամյա Արթուր Արմենի Ազրոյանը, որին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
ՊՆ-ն հերքում է սահմանին ծանր մարտերի մասին լուրերը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը միաժամանակ հերքել է ադրբեջանական տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւելյան հատվածում ծանր մարտերի մասին։
«Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարեւելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում: Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: