Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հունիսի 15-ի առավոտյան Հագարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 25 բուժառուի եւ նրանց հարազատներին էր տեղափոխում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:
Բացի դրանից՝ չեղարկվել է հումանիտար հրատապ կարիքներով պայմանավորված հունիսի 15-ին նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղեւորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից: Կասեցվել է նաեւ հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:
Արցախի իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի եւ Հայաստանի միջեւ ազատ տեղաշարժի ապահովման հարցում: «Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը»,- նշված է հայտարարության մեջ:
Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ պետք է ապահովվի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որեւէ միջամտության, ինչպես նաեւ պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ: