ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել են, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշներից եւ հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննությամբ «Արաքս» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա։
Հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները՝ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում ստուգում է սկսվել, եւ կրկնակի լաբորատոր փորձաքննության է տարվել «Հավ ափսե Արաքս» արտադրատեսակի նմուշը: «Հետազոտության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն «ախտածին, ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: