Ռուսական լրատվամիջոցներից մեկում հունիսի 15-ին հրապարակված տեղեկության առնչությամբ, ըստ որի՝ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրի տարածքում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը պատասխանել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կողջունի ցանկացած երկխոսություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության պաշտպանությանը։ «Հետեւողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության պաշտպանությունը։ Կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»,- ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:
ԵՄ-ն լիովին թափանցիկ է խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ. Կլաար
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ կենտրոնները 3-ով ավելացնելու մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
Կլաարը նշել է, որ ԵՄ-ն եղել եւ մնում է լիովին թափանցիկ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ: «ԵՄ-ն եղել եւ մնում է լիովին թափանցիկ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ: Մենք շարունակելու ենք աշխատել ի շահ ազգերի եւ մարդկանց։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ պարտավորության կարեւոր բաղադրիչ է»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Կլաարը։