Մայրաքաղաքում կամ Հայաստանի այլ վայրերում հանդիպած կլինեք կոկիկ հագուկապով մի երիտասարդի, որը տոպրակը ձեռքին աղբ է հավաքում: Մասնագիտությամբ զինվորական, ռադիոինժեներ Հակոբ Միկոյանը «Մաքրապատում» նախաձեռնության հիմնադիրն է: Ամեն օր նա վերցնում է աղբ հավաքելու ձողը կամ, ինչպես ինքն է կոչել, «մաքրապատիչը», աղբի տոպրակն ու նոր միայն տնից դուրս գալիս: Այսպես արդեն 575 օր: Ինքն իրեն խոստացել է՝ եւս 20 տարի այսպես է անելու.
«Սա խոնարհում է Երկիր մոլորակին, հողին եւ իմ սիրո արտահայտումը հայրենիքին»։
Մարդկանց արձագանքները տարբեր են լինում. շատերը զարմանքով են նայում, հաճախ շնորհակալություն հայտնում, լինում են նաեւ դեպքեր, երբ հեգնում են, թե՝ մեծ մարդ ես, ինչով ես զբաղված: Հակոբը համոզված է, որ մեկ հոգին կարող է վերաբերմունք փոխել, «Մաքրապատումը»-ը դրա վառ օրինակն է, աղբ հավաքելու ակցիան կարճ ժամանակում տարածում է գտել։
Հակոբ Միկոյանի հետ զրուցելու համար հանդիպեցինք Վերնիսաժի հարակից այգում: Աղբն աղբամանի մեջ գցող ամեն անցորդի Հակոբը շնորհակալություն էր հայտնում, ինքն էլ մաքրապատիչով իր գործն էր անում: Ասում է ՝«Աղբ չթափել» գրությամբ վահանակները, «Աղբ թափելը խոզություն է» կամ նման կոշտ ցուցանակները արդյունավետ չեն: «Մարդը նման գրություններն ընկալում է որպես հրաման ու ներքուստ դիմադրում: Բացի այդ՝ աղբով աղբի դեմն առնել չի հաջողվի, վիրավորանքն ինքնին աղբ է»:
Նա փոխարենն առաջարկում է ամեն քայլափոխի խնդրանքի կամ շնորհակալական խոսքերով ցուցանակներ տեղադրել. «Իսկ ահա «Աղբի տեղը աղբամանն է» անհեթեթ ու պարզունակ կարգախոսներից, որոնք նսեմացնում են սեփական ժողովրդին, պետք է օր առաջ ազատվել»:
Հակոբն իրեն բնապահպան կամ էկոակտիվիստ չի համարում, այլ բնության մասնիկ, որն իր առօրյա վարքագծի մի մասն է դարձնում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։ Հակոբի հետ իր գործունեությունից, աղբի խնդրից զրուցեցինք մոտ մեկ ժամ, այդ ընթացքում նա այգուց կես պարկ աղբ հավաքեց, որի մեծ մասը ծխախոտի տուփեր ու մնացորդներ էին:
«Եթե նույնիսկ տարածքում աղբաման չկա, իսկ մարդն ի վիճակի է գրպանում պահելու մեկ ծխախոտի տուփ, ապա նույն կերպ կարող է նաեւ մի դատարկ տուփ պահել մնացորդների համար, մինչեւ մոտակա աղբաման հասնելը: Առհասարակ իմ պայքարը ոչ թե վիրավորանքի դաշտում է, այլ հանրային պարսավանքի: Ամո՛թ է աղբի մեջ ապրելը, բայց ամենեւին ամոթ չէ՛ ուրիշի գցած աղբը վերցնելը: Երբ մարդիկ հասկանան, որ չսահմանված վայրում աղբ թափելն ամոթ է այնքան, որքան բնական կարիքները հանրային վայրում հոգալը, կունենանք մաքուր միջավայր»:
«Մաքրապատում»-ը տարվա ընթացքում արդյունք տվել է, շատերն են միացել: Նախաձեռնությունը 2022 թվականի նոյեմբերից գործում է որպես բնակրթական հասարակական կազմակերպություն, որը նաեւ կրթական ծրագրեր է իրականացնում դպրոցներում: Տեսական գիտելիքներով է զինում դպրոցականներին, անդրադառնում մարդ-բնություն կապին:
«Վերջերս գյուղական համայնքներից մեկում մաքրապատում էինք անցկացնում, եւ մի մանկավարժ կին տեսախցիկի առաջ հորդորեց բոլոր ուսուցիչներին ամեն դասից առաջ մեկ րոպե հատկացնել՝ երեխաներին հիշեցնելու, որ չնախատեսված վայրում աղբ թափելն ամոթ է»: Հակոբը վստահ է, որ մանկավարժներն այս իմաստով մեծ անելիք ունեն, նրանք են կրթում վաղվա հանրությանը: Այս տարի տարբեր համայնքների 11 դպրոցից հրավեր են ստացել: «Խաչպար համայնքում, երբ վերջացրինք դասընթացը, պատրաստվում էի մեքենան նստելու, նկատեցի՝ աշակերտներից մեկը ճանապարհից աղբ էր հավաքում: Վստահ եմ, որ այդ երեխան մաքրության գաղափարն իր հետ տուն կտանի: Մենք մեզ բնությունից վեր ենք դասում, ինչը վտանգավոր է, բնությունը ցանկացած պահի կարող է պատժել իր հանդեպ վատ վերաբերմունքի համար: Կարեւոր է, որ երեխաներն իմանան, որ իրենք բնության մասնիկն են»:
Հակոբը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար հրապարակում է չնախատեսված վայրերում մեքենաներից աղբ թափող քաղաքացիների լուսանկարներ ու տեսանյութեր: Դրանք անվանել է «Աղբային պատերազմներ»: Օրերս հրապարակել էր մի տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես է քաղաքացին աղբով լի զամբյուղը նետում դարպասից այն կողմ, ամենայն հավանականությամբ, աղբի համար չնախատեսված վայրում: Այսպիսի տեսանյութերն ու հանրային արձագանքը ստիպում են ՀՀ ոստիկանությանն ու քաղաքապետարանին միջոցներ ձեռնարկել իրավախախտին պատժելու համար: Տեսանյութերը հրապարակելուց հետո վիճաբանությունների, սպառնալիքների պակաս Հակոբը, որպես կանոն, չի ունենում:
Նա ցավով է խոսում հատկապես Երեւանից դուրս՝ ճանապարհներին կուտակված, ամեն անկյունում թափված աղբի աղետալի տեսարանների մասին: «Մաքրապատում» կազմակերպության կամավորներով հաճախ նաեւ այդպիսի վայրերն են մաքրում:
2019-ին Հայաստանում 590 հազար տոննա աղբ է թափվել, որից 310 հազարը՝ միայն Երեւանում։ Երեւանում ապրող քաղաքացին մեկ տարվա մեջ միջինը 300 կգ, իսկ այլ մարզերում ապրող քաղաքացին՝ միջինը 220 կգ թափոն է առաջացնում: «Սպառողական զամբյուղն, այդ թվում ապակին, պոլիէթիլենը, ծխողների քանակը բոլորը միասին հանգեցրել են նրան, որ աղբի ծավալները մեծանան: Եթե փորձենք հնարավորինս քիչ ապրանքներ ձեռք բերել, որոնք փաթեթավորված են շատ տուփերով, գուցե նվազեցնենք աղբի քանակը: Բայց ծայրահեղ էլ չեմ, առանց պլաստիկի այսօր մեր կյանքը դժվար է պատկերացնել: Աղբի վերամշակումը պետք է պետության առաջնային խնդիրը լինի: Ճապոնիան առաջինն է սկսել վերամշակել թուղթը: Հիմա արդեն վերամշակող տասնյակ գործարաններ ունեն: Բացի այդ՝ հանրության մոտեցումն է այլ. 20 միլիոն բնակչություն ունեցող Տոկիո քաղաքում աղբաման չկա»,- պատմում է Հակոբն ու ներկայացնում մեխանիզմը. մարդն իր ձեռքի աղբը հասցնում է տուն, տնից հանում հստակ ժամանակին՝ իր բնակության վայրի մուտքի մոտ, աղբի մեքենան այն տանում է նախատեսված վայր: Ուշացնելու դեպքում անձը պարտավոր է աղբը հետ՝ տուն տանել, մինչեւ հաջորդ օրը:
Հակոբն օրինակ է բերում նաեւ Սինգապուրը, որը ժամանակին աղտոտված երկիր է եղել, բայց բարեփոխումներից հետո առաջնահերթ լուծել է աղբի խնդիրը՝ խիստ օրենքներով, մեծ տուգանքներով: Մեր երկրի դեպքում, կարծում է, դա էլ կաշխատի, բայց միայն գրպանին հարվածելով մարդու գիտակցությունը չի բարձրանա, այդ օրենքն ի վերջո կա, 2018 թվականից է գործում, բայց շատ օրենքների պես կախված է օդում:
Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով անթույլատրելի վայրում աղբ թափելու համար նախատեսված է վարչական պատիժ՝ 20 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ: «Հաճախ հենց օրենք կիրառողն է խախտում այն,- ասում է Հակոբն ու մատնանշում ոստիկաններին:- Բազմիցս ականատես եմ եղել, երբ ոստիկանն է աղբ թափում գետնին: Խոսելով հրամանատարական կազմի հետ՝ որոշակի արդյունքի հասել եմ:
Կարող եմ փաստել, որ «Մաքրապատում»-ը նաեւ «սանձել» է իրավախախտ ոստիկաններին: Համազգեստ կրող անձը պետք է օրինակ լինի հասարակ քաղաքացու համար»:
Մեր զրույցի ընթացքում ականատես եղանք նման մի տեսարանի. նստարանին նստած ոստիկանների ոտքերի տակ մեծ քանակությամբ ծխախոտի տուփեր ու մնացորդներ էին թափված, Հակոբը դրանք էլ հավաքեց: Ոստիկանները պնդեցին, թե քաղաքացիների ձեռքի գործն է, իսկ մեր հարցին, թե ինչու չեն նախազգուշացնում, տուգանում քաղաքացիներին, նրանցից մեկն ասաց, որ եթե հերթով ամեն մեկին զգուշացնեն, ստիպված են լինելու ամբողջ օրը ծեծկռտուքի ու վեճերի մեջ մտնել: Հակոբ Միկոյանն էլ եւս մեկ անգամ հիշեցրեց օրենքի գերակայության եւ իրենց՝ օրինապահների իրավասությունների մասին:
Հակոբը ոչ միայն գետնից էր հավաքում աղբը, այլեւ անհավանական վայրերից: Մի քանի րոպե պահանջվեց, որ հաստաբուն ծառի վրայից հավաքեր ծխախոտի մնացորդներ, թղթեր ու տուփեր, մի քանի րոպե էլ, որ սյան վրայից մաքրեր պատառոտված հայտարարությունները, ինչն ըստ օրենքի եւս արգելված է:
«Հատուկ միջոց պետք չէ հասկանալու՝ ով է փակցրել թուղթը, մարդն իր կոնտակտները, QR կոդը, կայքը գրել է, միայն ցանկություն է պետք , զանգի՛ր, հարցը լուծի՛ր»: Այս տեսարանի համար Հակոբը դարձյալ մեղադրում է իրավապահներին. «Եթե մի պահ մտորենք, որ մեզ մաքուր միջավայր է պետք, որ մեր բոլոր խնդիրների ակունքը աղբն է, միգուցե բան փոխվի»:
Վերջում էլ խնդրեց մեր հայրենակիցներին աղբը թափել միայն նախատեսված վայրերում: «Դուք որքան աղբ թափեք, իմ գործն այնքան մեծանալու է, իսկ աղբ չթափելով օգտակար եք լինում մեր երկրին, բնությանն ու հողին, որն ի վերջո պահում ու սնում է մեզ»:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։