ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը հունիսի 21-ին լսումներ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ: Լսումների ընթացքում պետք է քննարկվեն խոցելի էթնիկ բնակչությանը շրջափակման եւ բանակցությունների ընթացքում պաշտպանելու համար անհրաժեշտ ջանքերը, ինչպես նաեւ պետք է հանձնարարականներ առաջարկվեն այս հարցում ԱՄՆ քաղաքականության համար:
Հանձնաժողովում շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ բռնությունների վերսկսման վտանգը մեծացել է: Նշվում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է արդեն 7 ամիս, ներառյալ Ադրբեջանի կողմից ռազմական անցակետի բացման միջոցով, իսկ դա դեմ է 2020-ի հրադադարի համաձայնագրի դրույթներին:
«Մի շարք միջազգային ջանքեր են իրականացվում՝ մեղմելու նոր լայնամասշտաբ պատերազմի վտանգը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների կողմից: Հիմնական խնդիրն այն է, թե ինչ է պահանջվում՝ պատշաճ կերպով պաշտպանելու էթնիկ հայերի իրավունքները եւ անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատելու»,- նշված է հաղորդագրությունում: