ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Երեւանում խոշորամասշտաբ կառուցապատման հետեւանքով գազասպառման ծավալները կտրուկ ավելացել են, եւ գազամատակարարման եղած ցանցը չի բավարարում։ Նա հավելել է, որ նորակառույց շենքերում ոչ միայն գազամատակարարում ապահովելը, այլեւ անգամ նոր բաժանորդ ավելացնելն է խնդրահարույց: Ըստ Սանոսյանի՝ գազամատակակարարման ցանցի ծանրաբեռնվածությունն ազդում է նաեւ մատակարարվող գազի որակի` ճնշման վրա։
Նա նշել է, որ առաջարկվող նախագծով հիմնականում քաղաքաշինական, տեխնիկական որոշակի լուծումներ են գտնվել։ «4 ուղղությամբ կկառուցվեն գազատարներ ու գազաբաշխիչ կայաններ։ Դրանք կիրականացվեն փուլերով. 1-ին փուլում` Երեւանի հյուսիսարեւելյան, 2-րդ փուլում` հարավարեւմտյան, 3-րդ փուլում՝ հարավային եւ 4-րդ փուլում՝ արեւելյան հատվածում»,– նշել է Սանոսյանը։ Ըստ նրա՝ ծրագրի իրագործումը կմեկնարկի 2024-ի հունվարից եւ կավարտվի 2026-ի դեկտեմբերին: Նախարարը հայտնել է նաեւ, որ ներկա պահին գազամատակարարման համակարգին միանալու հայտ է ներկայացրել 490 նոր բազմաբնակարան շենք։ Ըստ Սանոսյանի՝ ծրագրով նախատեսվում է ստեղծել 20% հավելյալ հզորություն՝ հետագա տարիներին նոր բաժանորդներին համակարգին միանալու հնարավորություն ընձեռելու համար։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունն իր առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրն իրագործում է ըստ ՀՀ–ում մշակված գազամատակարարման եւ գազիֆիկացման գլխավոր սխեմայի, որտեղ Երեւանի պահանջարկի բավարարման նպատակով գազաբաշխիչ կայանների եւ գազատարերի կառուցում ներառված չէ։