Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի Զանջան նահանգի տնտեսական նիստի ընթացքում Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ հարեւան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր մոտեցումներից է։ Կարեւորելով Զանջան նահանգի հետ տնտեսական կապերի հնարավորությունը՝ դեսպանը շեշտել է, որ դրանք կարող են ամրապնդել Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունները։
Նշելով, որ Հայաստանի հետ Իրանի ապրանքաշրջանառության առեւտրային արժեքը հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի՝ Սոբհանին ընդգծել է, որ իրենց նպատակն է այդ ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Դեսպանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն իր անդամակցությամբ Իրանի դարպասն է դեպի 200 միլիոնանոց շուկա, եւ վստահեցրել, որ Իրանի ներսում արտադրողներն ուժ եւ հնարավորություն ունեն այս շուկայում իրենց խոսքն ասելու: