Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինն իր հոդվածում անդրադարձել է Երասխում օրերս տեղի ունեցած միջադեպին: Ըստ վերլուծաբանի՝ մետալուրգիական գործարանի վրա չհրահրված հարձակումն ընդգծում է երկու իրողություն: Առաջինն, ըստ նրա, այն է, որ հակառակ Պետքարտուղարության այն հավաստիացմանը, թե Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար Ադրբեջանը հրաժարվել է ռազմական գործողություններից, այնուամենայնիվ, շարունակում է օգտագործել իր զինուժը՝ ահաբեկելու նպատակով: Երկրորդն այն է, որ Ադրբեջանը կարող է որպես պատրվակ օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հակասությունները, սակայն նրա թիրախը բուն Հայաստանն է։ «Երասխը Հայաստանի տարածքն է, որը պաշտոնապես չի վիճարկվում ոչ մի երկրի կողմից»,- գրում է Ռուբինը՝ հիշեցնելով նաեւ Ջերմուկի վրա Բաքվի հարձակումը եւ ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի տարածքի որոշ հատվածների բռնազավթումը:
Վերլուծաբանը նաեւ քննադատում է ԱՄՆ պետքարտուղարությանը, որի հնչեցրած մտահոգությունները «հակասում են ԱՄՆ օրենսդրությանը, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ռազմական հավակնություններ ունի»: Մայքլ Ռուբինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում չեղյալ համարել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումից հրաժարումը եւ անհապաղ դադարեցնել ամեն տեսակի ռազմական եւ ոչ մարդասիրական օգնություն Ադրբեջանին: Հակառակ դեպքում, ըստ ամերիկացի վերլուծաբանի, դա կնշանակի, որ նախագահ Բայդենը եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «շահագրգռված չեն պաշտպանել ամերիկյան շահերը, ամերիկացիների կյանքը կամ ենթարկվել ամերիկյան օրենքներին»: «Միայն հռետորաբանությամբ Ադրբեջանին պատասխանելը եւ նրան հավաստիացնելով, որ շարունակական ագրեսիայի համար իրեն լուրջ հետեւանքներ չեն սպասվում, հետ կմղվի նաեւ խաղաղությունը»,- եզրափակել է վերլուծաբանը: