Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի կապակցությամբ Ֆրանսիայի արտգործնախարարությունը զսպվածության կոչ է արել։ «Ֆրանսիան մտահոգություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ հայկական տարածքում գտնվող Երասխ գյուղում քաղաքացիական անձնակազմի վրա կրակոցների կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիան կոչ է անում զսպվածության ցուցաբերելու եւ պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը։ Պաշտոնական Փարիզը վերահաստատում է իր աջակցությունը Լաչինի միջանցքում երթեւեկության վերականգնման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի` 2023-ի փետրվարի 22-ի որոշման լիարժեք իրականացմանը։ Ֆրանսիան կողմ է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատվի` ի շահ քաղաքացիական բնակչության:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հիշեցնում են, որ Քիշնեւում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը նշանավորվել է նրանով, որ կողմերն արդեն քննարկված հարցերում որոշել են առաջ շարժվել բանակցությունների միջոցով։