Ուկրաինայի նախագահի՝ երեխաների եւ երեխաների իրավունքների վերականգնողական հարցերով հանձնակատար Դարիա Գերասիմչուկը հայտարարել է, որ հունիսի 19-ի դրությամբ Ուկրաինան Ռուսաստանից վերադարձրել է 373 երեխայի։ Ըստ նրա՝ ճշգրիտ տեղեկություններ կան 19 հազար 499 երեխայի արտաքսման մասին, սակայն նրանց թիվը կարող է հասնել 200-300 հազարի։ Նա նշել է, որ ՌԴ արտաքսված երեխաների ճակատագրերի մասին ստույգ տեղեկություն չկա։ «Երեխային փնտրում ենք նույնիսկ այն բանից հետո, երբ տեղեկությունը ստուգվում է ՆԳՆ-ում, ոստիկանությունում, անվտանգության ծառայությունում եւ գլխավոր դատախազությունում: Մանրամասն ստուգումից հետո տեղեկությունը մտնում է Ազգային տեղեկատվական բյուրոյի ռեգիստր»,- շեշտել է ուկրաինացի պաշտոնյան։
Ըստ Գերասիմչուկի՝ միայն բռնազավթված բնակավայրի ազատագրումից հետո հնարավոր կլինի ստույգ տեղեկություն ստանալ՝ այս կամ այն երեխան ընտանիքի հե՞տ է արդյոք։ Եթե ոչ, Ուկրաինայի իշխանությունները սկսում են երեխային փնտրել: Հանձնակատարը հավելել է, որ ներկայում ուկրաինացի երեխաների վերադարձի մեկ միասնական մեխանիզմ չկա։ Ռուսաստանը չի ճանաչում այս երեխաներին որպես պահվող, կալանավորված, արտաքսված, բռնի տեղահանված։ Կրեմլում դա անվանում են «տարհանում»։
Գերասիմչուկը հիշեցրել է անցյալ ամռանը Նախագահի աշխատակազմի օժանդակությամբ ստեղծված «Պատերազմի երեխաներ» պորտալը, որտեղ ամեն առավոտ ժամը 8-ին կարելի է թարմացված վիճակագրությունը տեսնել։