Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հունիսի 19-ին ընդունել է երկօրյա այցով Պեկինում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Պեկին կատարած այցի ընթացքում Չինաստանը եւ Միացյալ Նահանգները ձեռք բերեցին առաջընթաց եւ պայմանավորվածություններ մի շարք հարցերի շուրջ, դա շատ լավ է»,- ասել է Չինաստանի ղեկավարը: Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի բանակցությունների ժամանակ «Չինական կողմը հայտնեց իր դիրքորոշումը, երկու կողմերը համաձայնել են համատեղ կյանքի կոչել Բալիում՝ 2022-ին G20 գագաթնաժողովի շրջանակում, իմ եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջեւ ձեռք բերված կոնսենսուսը»:
Չինաստանը Թայվանի հարցում զիջումների չի գնա․ Վանգ Յին
Նախագահի հետ հանդիպումից առաջ Չինաստանի կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ փակ դռների հետեւում բանակցություններում հայտարարել է, որ Պեկինը Թայվանի հարցում փոխզիջումների չի գնա: «Ազգային միասնության պահպանումը միշտ եղել է Չինաստանի արմատական շահերի էությունը… Այս հարցում Չինաստանը փոխզիջումների եւ զիջումների տեղ չունի»,- նշել է պաշտոնյան: ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների ընթացքում Վանգ Յին Վաշինգտոնից պահանջել է չբորբոքել, այսպես կոչված, չինական սպառնալիքը, չեղարկել Չինաստանի դեմ միակողմանի անօրինական պատժամիջոցները, դադարեցնել Չինաստանի տեխնոլոգիական զարգացման ճնշումը եւ չմիջամտել Չինաստանի ներքին գործերին։
Բանակցություններն անկեղծ էին, առարկայական եւ կառուցողական․ ԱՄՆ պետդեպ
Բլինքենը, որը հինգ տարիների ընթացքում առաջին անգամ է այցելում Չինաստան, եւ որը Պեկին այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահ դառնալուց ի վեր, նախօրեին հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ: Բլինքենի այցի նպատակն է կարգավորել երկու երկրների հարաբերությունները, որոնք է՛լ ավելի են սրվել փետրվարին Վաշինգտոնի կողմից չինական օդապարիկը խոցելուց հետո, ինչպես նաեւ առեւտրի ու տեխնոլոգիաների ոլորտներում շարունակական տարաձայնությունների պատճառով: ԱՄՆ պետքարտուղարությունը Ցին Գանի հետ բանակցությունները բնութագրել է որպես «անկեղծ, առարկայական եւ կառուցողական»: