ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման գործընթացը կսկսվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնմամբ: Ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից՝ սահմանվում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը հատելու կարգին վերաբերող հիմնական մոտեցումները։ Նա նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբերի հանդիպումների արդյունքում ձեւավորվել է համապարփակ փաստաթուղթ:
Օվերչուկը նաեւ նշել է, թե ինչու են դանդաղ ընթանում բանակցությունները, համաձայնության ձեռքբերմանը խանգարող ինչ գործոններ կան: «Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ են անցնելու այդ ճանապարհով»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
Ըստ Օվերչուկի՝ կողմերից ոչ մեկը կասկածի չի ենթարկում, որ ճանապարհի առանձին հատվածները պետք է լինեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքով անցնում են։ Այսինքն՝ ճանապարհի առումով՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ «Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, սակայն հաշվի առնելով երկկողմ հարաբերությունները՝ այս ամենը պետք է ամրագրվի»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։