Կանեփը չփրկեց Հայաստանի տնտեսությունը, ինչպես երկու տարի առաջ ակնկալում էին Հայաստանի իշխանությունները։ Հայաստանի տնտեսությունը փրկվեց ռուս ռելոկանտների շնորհիվ, որոնք եկան եւ մեծ գումարներ բերեցին մեր երկիր։ Իսկ կանեփի արտադրության ծրագրերը ձախողվեցին։
Խոսքը վերաբերում էր տեխնիկական կանեփին, որի մեջ հոգեներգործուն նյութերը շատ քիչ են։ Ուղիղ երկու տարի առաջ իշխանություններն օրենսդրական փոփոխություններով թույլ տվեցին աճեցնել արտադրական կանեփը։ Ծրագրի տնտեսական ամենամեծ նշանակությունը պիտի լիներ այն, որ տեխնիկական կանեփից արտադրվեր յուղ, ինչը շատ թանկ է՝ միջազգային շուկայում 1 լիտրը 4000-5000 դոլար։ Այն լայն կիրառում ունի կոսմետիկայի եւ դեղերի արտադրության մեջ եւ մեծ եկամուտ կբերեր մեր տնտեսությանը։ Իհարկե, կանեփի հումքի վրա նաեւ թելի, թղթի, փայտանյութի, ներկի, պլաստիկի եւ այլ ապրանքների արտադրություն նույնպես կարելի էր հիմնել։
Մասնագետներն ասում էին, որ, օրինակ, 1 հեկտարի վրա աճեցված արտադրական կանեփից միջինը կարելի է ստանալ 200 լիտր յուղ։ Իսկ արտադրական կանեփը պահանջկոտ բույս չէ, բնակլիմայական բարենպաստ պայմանների եւ մեծ ուշադրության կարիք չունի, կարող է աճել մեր երկրի ամենաբարձրադիր վայրերի անջրդի հողերում։ Անգամ կարող է վերականգնել հիվանդ, էռոզիայի ենթարկված հողերը։
Ահա նման հաշվարկներով իշխանությունները շռնդալից ընդունեցին համապատասխան օրենքն ու լայն բացեցին պետության քսակը, որ այնտեղ պետք է միլիոնավոր դոլարներ հոսեն ու զարգացնեն մեր տնտեսությունը։ Երկու տարի անց, սակայն, խիստ հիասթափված արձանագրեցին, որ ընդամենը մեկ ընկերություն է զբաղվում այդ բիզնեսով։ «Այն էլ կորցրել է ախորժակը»,- Ազգային ժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Իսկ ինչո՞ւ չարդարացան իշխանությունների սպասելիքները։ ՀՀ առողջապահության նախարարությունը, որը համակարգում է արտադրական կանեփի բիզնես-գործունեությունը, պատճառաբանում է, թե սահմանված կանոնակարգերը շատ խիստ են։ Որ արտադրության լիցենզիա տալու համար բիզնես-պլան ներկայացնելու պահանջը ներդրողների համար հաղթահարելի չէ, այն պետք է չեղյալ համարել։ Եվ որ արտադրություն պետք է կազմակերպել ոչ թե լիցենզիա ստանալուց 1 տարի, այլ 2 տարի հետո եւ այլն։
Կառավարությունն այս անգամ էլ նման մեղմացումների օրենսդրական փոփոխություններ էր ներկայացրել Ազգային ժողով՝ հույս հայտնելով, որ դրանք ավելի գրավիչ կդարձնեն բիզնես միջավայրը։ Հակառակ պարագայում այդ մեկ ընկերությունն էլ չի կարողանա աշխատել, քանի որ դրա լիցենզիայի 1 տարին շուտով կլրանա։
Իշխանական մեծամասնությունը, սակայն, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խիստ քննադատեց առողջապահության նախարարությանը, որ չեն կարողացել ձեւավորել ակնկալվող միջավայրը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննադատեցին նաեւ նոր նախագիծը, թե թերի է, տվեցին այն առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի ձեռքը եւ հետ ուղարկեցին Կառավարություն։ «Ես կարծում եմ, որ այս ոլորտը պետք է համակարգի էկոնոմիկայի նախարարությունը»,- խիստ տոնով ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ «Ես էլ եմ կարծում»,- նրան պաշտպանեց մեկ այլ ՔՊ-ական՝ Ծովինար Վարդանյանը։
ՔՊ-ական պատգամավորները, չհամաձայնելով առողջապահության նախարարության հետ, իրենք էլ չունեն բացատրություն, թե, այնուամենայնիվ, ինչու չարդարացան սպասելիքները։ Կամ էլ ունեն, բայց չցանկացան հանրայնացնել։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ չարդարացան իշխանությունների՝ միլիոններ աշխատելու ակնկալիքները։
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը, որն այս ծրագրի իրականացման ջատագովն էր եւ համոզված էր, որ իսկապես, այն եկամտաբեր կլինի, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, թե երկու տարի առաջ իշխանությունները ճիշտ լուծումներ չգտան։ «Նրանք տեխնիկական կանեփի մշակման փիլիսոփայությունը լրիվ աղավաղել են։ Միտքն այն էր, որ կանեփը մեր չմշակվող վարելահողերի մշակման, առողջացման, կորպորատիվ մշակույթ փոխելու, հողերը խոշորացնելու ծրագրի համար շատ լավ մշակաբույս էր։ Բայց այնպիսի կարգավորումներ մտցրին, որ տեխնիկական կանեփ կարող են մշակել միայն ջերմոցային տնտեսությունները։ Եվ այնպիսի հարկեր-տուրքեր դրեցին, որ տեխնիկական կանեփի փոխարեն պետք էր մարիխուանա աճեցնել, որ այդ փոքր քառակուսուց մեծ եկամուտ ստանային եւ կարողանային ծախսերը փակել։ Այսինքն՝ ի սկզբանե նախագիծը տապալված էր։ Ես դրա մասին ասել եմ իրենց»,- ասաց Միսկարյանը։
Կար նաեւ օրենսդրական բաց. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով թույլ են տվել մշակել տնտեսական կանեփ, բայց սերմերի մասին օրենքում չեն կատարել համապատասխան փոփոխություն, որ թույլ տրվի ներմուծել կանեփի սերմը։ Միսկարյանը նաեւ հավելեց, թե ժամանակին, երբ թույլ տվեցին տեխնիկական կանեփ մշակել, արտերկրից կային ներդրողներ, որոնք ցանկանում էին մեր երկրում զբաղվել այդ բիզնեսով։ Բայց երբ սահմանվեցին կարգավորումները, եւ նրանք հասկացան, որ դրանց շրջանակում չեն կարողանա աշխատել, հրաժարվեցին իրենց մտադրությունից ու հեռացան։ Միսկարյանը նաեւ վստահեցնում է, որ այն մեղմացումները, որոնք ներկայացրել է Կառավարությունը, բավարար չէին, որ ծրագիրն աշխատեր։ Ասում է՝ պետք է այնպես անել, որ տեխնիկական կանեփը մշակվի դրսում՝ մեծ հողերի վրա, ոչ թե ջերմոցներում։
Իսկ Լենա Նանուշյանն ու ՔՊ-ական պատգամավորները խուսափեցին նշելուց, թե ով է այդ մեկ ընկերությունը, որը սկսել է զբաղվել տեխնիկական կանեփի բիզնեսով։ Որոշ հրապարակումների համաձայն՝ դա «Գրոուար» ընկերությունն է եւ գտնվում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետաքրքրության շրջանակում։ Ժամանակին նրա գրասենյակի աշխատողներն են ղեկավարել այն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, որ ներկա էր Տնտեսական հանձնաժողովի նիստին եւ նույնպես քննադատում էր Կառավարության գործելաոճը, որով տապալվեց այդ ծրագիրը, մեզ հետ զրույցում ասաց, թե նոր ներկայացված փոփոխություններից կարելի է ենթադրել, թե դրանք բերվել են կոնկրետ նպատակով։ «Թվում է, թե այդ փոփոխություններն ուզում են անել ինչ-որ մի ընկերության համար, այդ պատճառով էլ ավելի համակարգված եւ ընդունելի լուծումներ չէին առաջարկել»,- հավելեց պատգամավորը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։