Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի համար այժմ բարդ ժամանակներ են, որոնք պահանջում են ուժերի, փորձի եւ ռեսուրսների առավելագույն մոբիլիզացում հանուն խաղաղության պահպանման: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ խնդիրների լուծումը ձախողելու համար կազմակերպության հասցեին հնչող քննադատությունները երբեմն տեղին են։
«Օրինակ՝ Ղրղզստանը վաղուց է խնդրում օգնել Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Հիմնավորված պահանջներ է ներկայացնում Հայաստանը»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը հավելել է, որ ՀԱՊԿ-ը պետք է ինչ-որ կերպ միանա այդ բարդագույն հակամարտության կարգավորմանը։ «Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ՀԱՊԿ երկրները մշտապես կկշտամբեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից։ Ուստի պետք է խորանալ ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ եւ ելք փնտրել»,- Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը շեշտել է Լուկաշենկոն:
Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է քաղաքական գնահատական տա հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսին հայտարարել էր, որ ՌԴ-ն ինչպես Ղազախստանում 2022-ի հունվարին, պատրաստ էր ճիշտ նույն կերպ օգնելու նաեւ ՀԱՊԿ անդամ Հայաստանին։ Լավրովի պնդմամբ՝ 2022-ի աշնանը Երեւանում կազմակերպության անցկացված գագաթնաժողովին ընդառաջ հայ դաշնակիցների խնդրանքով փաստաթուղթ էր նախապատրաստվել հայկական տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին։ Ըստ Լավրովի` եթե Երեւանը հաստատեր այն, ինչ արդեն համաձայնեցված էր եւ պատրաստ մնար ստորագրման համար, Հայաստանը կշահեր եւ ավելի կայուն իրավիճակ կստանար: