Անցած շաբաթ արեւմտյան մամուլը գրեց, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը «Պարսից ծոցի երկրներից մեկի միջնորդությամբ գաղտնի բանակցություններ են վարում»։
Ըստ երեւույթին, առնվազն քննարկումներ սկսվել եւ ընթանում են։ Իրանի հոգեւոր առաջնորդը հանդիպում է ունեցել երկրի միջուկային ծրագրի առաջատար կոնստրուկտորների եւ ինժեներների հետ ու հայտարարել, որ «առհասարակ համաձայնությունը վատ չէ, եթե ենթակառուցվածքները պահպանվում են, եւ մենք շարունակում ենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ծրագիրը»։
Իրան-ԱՄՆ հնարավոր «համաձայնությունը» բավական չեզոք է գնահատել Իսրայելի խորհրդարանի արտաքին եւ անվտանգային հարցերով կոմիտեի նախագահ Յուլի Էդելշտեյնը․ «Կարծում եմ, Իսրայելը կարող է համակերպվել, եթե իրանցիների գործողությունները խստորեն վերահսկվեն»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով, ամենայն հավանականությամբ, այն, որ «գաղտնի համաձայնագրով» Իրանը, կարծես, պարտավորվում է միջուկային մարտագլխիկներ չստեղծել։
Միացյալ Նահանգները վճռականապես դեմ է Իրանի տարածքային մասնատմանը։ Մինչդեռ Իրանի վերնախավում, ինչպես աղբյուրներն են վկայում, դեռեւս հիշում են 1946 թվականի «ադրբեջանական հեղափոխությունը», երբ խորհրդային օկուպացիոն զորքերի օժանդակությամբ Թավրիզում հռչակվել էր «Դեմոկրատական հանրապետություն»։
Պատմական այդ հիշողությունը փորձաքար է ինչպես իրանա-ադրբեջանական, այնպես էլ ռուս-իրանական հարաբերություններում, հանգամանք, որ պետք է պարտադիր նկատի ունենալ, երբ կանխատեսումներ են արվում Իրան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի «մեծ հավանականության» մասին։
Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-Իրան «գաղտնի համաձայնության» համատեքստում պետք է դիտարկել Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը Չինաստան։ Բլինքենը եւ ՉԺՀ արտաքին գործերի նախարարը բանակցել են յոթուկես ժամ։ Նախնական արդյունքով՝ կողմերը «համաձայնել են բաց պահել բարձր մակարդակի շփումների կապուղիները»։ Սա արդեն ձեռքբերում է, եթե նկատի ունենանք, որ վերջին մի քանի ամիսներին միջազգային փորձագիտական կենտրոնները գրեթե «անխուսափելի» էին գնահատում Թայվանի շուրջ չին-ամերիկյան ռազմական բախումը։
Այս համատեքստում չափազանց կարեւոր է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի այցը Լոնդոն։ Նախատեսված են պաշտոնական հանդիպումներ, ինչպես նաեւ այց «ուղեղային կենտրոններ»։ Մեծ Բրիտանիան մեկ դար առաջ Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի քաղաքական «թատերաբեմի ռեժիսորն» էր, ավանդաբար ընկալվում է որպես թուրքական շահերի լոբբիստ։ Բայրամովը, հավանաբար, Լոնդոն է գործուղվել՝ հրահանգավորվելու, թե աշխարհաքաղաքական ինչ կողմնորոշում պետք է որդեգրի Ադրբեջանը։
««Թուրքական աշխարհ»-Եվրասիական տնտեսական համագործակցություն» նախագիծը, երեւում է, լրջագույնս խոչընդոտվում է Եվրաատլանտյան դաշինքի կողմից։ Եթե Ռուսաստանի «պահունակից դուրս բերվի» Իրանը, իսկ ԱՄՆ-ը եւ Չինաստանը պայմանավորվեն առնվազն «զրոյական դիմակայության ռեժիմի» շուրջ, ապա Հարավային Կովկասը կամ հնարավորինս անցնցում կանցնի անվտանգային-քաղաքակրթական այլ տիրույթ, կամ Ռուսաստանը կգնա վճռական «խոյահարման»։
Մեծ քաղաքականությունը կարողանում է համատեղել «անհամատեղելիներին»։ Միայն հայերս ենք պատմա-քաղաքակրթական բարդույթների գերի մնում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։