Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ անդրադարձել է փախստական եւ բռնի տեղահանված անձանց իրավունքների թեմային։ Թեեւ տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով փախստականի եւ բռնի տեղահանվածի կարգավիճակում հայտնված հազարավոր հայերի իրավունքների մասին, սակայն, ըստ ՄԻՊ-ի, բարձրացված հարցերն այդպես էլ չեն արժանացել միջազգային հանրության ուշադրությանը։ «Միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հայ փախստականների եւ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար»,- գրել է Ստեփանյանը։
«Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ Խորհրդային Ադրբեջանի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի եւ տեղահանության, ինչպես նաեւ 1990-ականներին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետեւանքով ավելի քան 500 հազար հայ դարձել է փախստական, որոնք, ցավոք սրտի, իրենց կարգավիճակից բխող անհրաժեշտ ուշադրության եւ աջակցության չեն արժանացել մինչեւ այսօր»,- գրել է Ստեփանյանը։
Պաշտպանը շեշտել է, որ 2020-ի աշնանը ադրբեջանական ագրեսիայի եւ բռնի տեղահանության հետեւանքով շուրջ 40 հազար արցախցի կորցրել է իր հայրենի տունը, հողը եւ ունեցվածքը։ Արցախում շրջափակման մեջ ապրում են ավելի քան 15 հազար բռնի տեղահանվածներ: Արցախ ներկրված շինանյութի բացակայության պատճառով շուրջ 3700 բնակարանների կառուցումը կասեցվել է։ Շրջափակման հետեւանքով ՀՀ-ում եւ Արցախում ժամանակավոր կացարանի կարիք ունեցող շուրջ 30 հազար բռնի տեղահանվածների սոցիալական վիճակն ու բնակարանային պայմանները օրեցօր վատթարանում են։ Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի բռնի տեղահանված եւ փախստական անձանց իրավունքների եւ խնդիրների վերաբերյալ մանրամասն զեկույցը: