Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը, մեկնաբանելով Ուկրաինայի հակահարձակման գործողությունները, համոզմունք է հայտնել, որ ուկրաինական ուժերն ունեն անհրաժեշտ միջոցներ՝ իրենց գործողությունների հաջող ընթացքն ապահովելու համար։ «Գիտենք, որ մարտերը ծանր են լինելու: Գիտենք, որ դրա համար ժամանակ կպահանջվի»,- ընդգծել է նա: Սինգհը նշել է, որ ԱՄՆ-ըՈւկրաինային օգնություն ցուցաբերելու իր հաշվարկներում հաշվի է առել ուկրաինական կողմի կորուստները։ «Գիտեինք, որ մարտի դաշտում կորուստներ են լինելու: Այս պատերազմի անախորժ մասն է: Բայց, ինչպես տեսանք, ուկրաինացիները հենց սկզբից հաղթահարեցին այն»,- եզրափակել է Պենտագոնի խոսնակը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին հայտարարել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել, թե արդյոք ուկրաինական հակահարձակումը բեկումնային կլինի պատերազմի մեջ։ Չեխիայի նախագահ Պետր Պավելն էլ ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինան դեռ լայնամասշտաբ հակահարձակում չի սկսել, սակայն մի քանի ուղղություններով ՊԲ առաջին գործողությունները դրա «չափավոր մեկնարկն» է։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հակահարձակման ընթացքում դիրքեր չեն կորցրել, մինչդեռ ռուսական ուժերը զգալի կորուստներ են կրել: «Որոշ հատվածներում մեր ուժերը առաջ են շարժվում, որոշ հատվածներում դիմադրում հակառակորդի հարձակումներին»,- նշել է Զելենսկին: