SITA պարբերականը հայտնել է, որ Սլովակիայի խորհրդարանը հունիսի 21-ին ընդունել է բանաձեւ, որով 1932-1933 թվականներին Ուկրաինայում արհեստականորեն առաջացած սովը ճանաչվում է Իոսիֆ Ստալինի գլխավորած խորհրդային վարչակարգի կանխամտածված քաղաքականություն եւ ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Բանաձեւի հեղինակները նշել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համատեքստում, երբ ՌԴ-ն ձգտում է ոչնչացնելու ուկրաինական ազգային ինքնությունը եւ կրկին ֆիզիկապես ոչնչացնելու ուկրաինացիներին, անհրաժեշտ է հստակ մատնանշել Ռուսաստանի անցյալի գործողությունները եւ անել հնարավորը, որպեսզի նման գործողությունները երբեք չկրկնվեն ո՛չ Ուկրաինայում, ո՛չ էլ աշխարհի որեւէ այլ երկրում։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն շնորհակալություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին ընդունված բանաձեւի համար։
Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրների խորհրդարանները, ինչպես նաեւ Եվրախորհրդարանը Հոլոդոմորը ճանաչել են ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Հոլոդոմորը ուկրաինացիների ցեղասպանություն եւ մարդկության եւ ուկրաինացի ժողովրդի դեմ հանցագործություն են ճանաչել Իռլանդիայի խորհրդարանի վերին պալատը, Մոլդովայի խորհրդարանը, Չեխիայի Սենատը, Ռումինիայի խորհրդարանը, Գերմանիայի Բունդեսթագը:
Մոսկվան շարունակում է հերքել
Ենթադրվում է, որ 1932-1933 թվականներին Ուկրաինայում սովից մահացել է մոտ 4 միլիոն մարդ, եւս 3 միլիոն մարդ՝ հիմնականում գյուղացիական բնակչություն, այդ տարիներին սովից մահացել է Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում եւ Խորհրդային Միության այլ հանրապետություններում: Մոսկվան առ այսօր պնդում է, որ բոլշեւիկները բնակիչներին միտումնավոր զանգվածային սովամահության ենթարկելու ծրագիր չեն ունեցել, եւ որ սովից մահացածների թիվը չի համապատասխանում իրականությանը: Սովը, ըստ Մոսկվայի, սկսվել է մի շարք բացասական գործոնների՝ անբարենպաստ կլիմայական պայմանների, վատ բերքի եւ աշխատանքների վատ կազմակերպման, ինչպես նաեւ ստալինյան ռեժիմի սխալ տնտեսական քաղաքականության հետեւանքով: