2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացել է՝ 68 հազարից հասնելով 75 հազար դրամի: Բայց սա մեդալի միայն մեկ կողմն է:
Գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունեցող Շիրակի մարզում ամենուր աշխատող են փնտրում, գործազուրկներն էլ՝ աշխատանք: Կողք կողքի գրեթե բոլոր առեւտրի կետերի, սպասարկման սրահների եւ արտադրամասերի դուռ-լուսամուտներին նույնաբովանդակ հայտարարություն է փակցված՝ պահանջվում է աշխատող:
Գնում ենք մի քանիսի հետքերով: Գործատուների մեծամասնությունը պետության սահմանած նվազագույն աշխատավարձից տեղյակ չէ, ինքն է սահմանում աշխատանքային ժամերը, պայմանները, աշխատավարձի չափը: Մուշ թաղամասում գտնվող տնտեսական խանութի սեփականատիրոջը հարցրինք, թե ինչ իրավունքով է առանց ընդմիջման, 9 ժամ աշխատանքի դիմաց առաջարկում 60 հազար դրամ: Դավիթ Ղուկասյան անունով սեփականատերն իր փաստարկն ունի, ասում է՝ իմ հնարավորությունն այդքանն է, չես ուզում, մի՛ աշխատիր: Նույն պատասխանը ստացանք աշխատող փնտրող բազմաթիվ այլ գործատուներից:
Հավանաբար դա է պատճառը, որ ոչ մի աշխատող ձայնագրիչի առկայությամբ խնդիրը չի բարձրաձայնում, ասում են՝ մի կտոր հաց ենք վաստակում, դրանից էլ կզրկվենք: Համոզվելով, որ իրենց անունները չենք բացահայտի՝ սկսում են բողոքել` գործատուն շահագործում է, հանգստանալու եւ սնվելու համար ոչ մի րոպե չունեն, ազատ օրվա եւ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկի մասին երազել անգամ չեն կարող:
«Բանվոր անգամ չունեն, մենք ենք ծանր ապրանքը ստանում, առավոտները դուրս հանում, շարում, երեկոյան ներս տանում: Ձմռանն ավելի սարսափելի պայմաններ են, հիմնականում չջեռուցվող տարածքներում ցրտահարված մատներով աշխատում ենք»,- ասում են աշխատակիցները:
Լրագրող-հետազոտող Անի Մկրտչյանը խնդրին քաջատեղյակ է, երկար ժամանակ այս ոլորտն է հետազոտել, բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնել:
«20-45 տարեկան վաճառող կանայք բողոքում էին, որ 40-58 հազար դրամ աշխատավարձի դիմաց հագուստի եւ հանրային սննդի առեւտրի կենտրոններում աշխատում են ինչպես ստրուկ։ Չունեն հանգստի, սննդի ընդմիջում, կամ տեւողությունը 5-10 րոպե է, այն էլ ստիպված են ոտքի վրա մնալ։ Աշխատակիցները պնդում էին, որ աշխատավայրերում անգամ աթոռ չկա, գործատուն արգելում է ազատ աթոռ ունենալ։ Պատմում էին, որ խանութում մեկ բազկաթոռ կա, այն էլ զբաղեցնում է մենեջերը»։
Բողոքող կանանց մի մասն ընդհանրապես պայմանագիր չի ունեցել, մյուսները գործատուների հետ թեպետ քաղաքացիաիրավական պայմանագիր ունեցել են, սակայն սահմանված ժամկետից ավելի են աշխատել՝ առանց հավելավճարի:
Ըստ հետազոտողի՝ որպեսզի Աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմինը մասնավոր ոլորտի նկատմամբ հնարավորինս խիստ վերահսկողություն իրականացնի, հարկավոր է նոր գործառույթներով ու պարտականություններով օժտել նրան: Գործատուներին զգոնացնելու համար Պետական եկամուտների կոմիտեի կիրառած տուգանքների շնորհիվ այս տարվանից որոշակի փոփոխություններ են նկատվել:
«2023 թվականի հունվարի ընթացքում հսկողական աշխատանքների արդյունքում 78, փետրվարին 26 հարկ վճարողներ տուգանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողին գրավոր չձեւակերպելու պատճառով,- ասում է Անի Մկրտչյանը եւ փաստում, որ առաջընթաց կա Գյումրիում,- գործատուներն արդեն շահագրգռված են պայմանագրեր կնքել աշխատողների հետ՝ խուսափելով տուգանքներից»։
Հարկ է նշել, որ առանց պայմանագրի աշխատելու արատավոր գործելաոճի համար միայն գործատուին մեղադրելը ճիշտ չէ: Շատ հաճախ աշխատողն ինքն է առաջարկում առանց գրանցվելու աշխատել, որպեսզի չզրկվի պետական աջակցությունից: «Աշխատողին չգրանցելու կամ չձեւակերպելու արդյունքում գործատուն հարկեր չի վճարում պետությանը, ընտանեկան նպաստ ստացող քաղաքացին էլ աշխատելու եւ աշխատող չգրանցելու դեպքում չի զրկվում ընտանեկան նպաստից։ Ստացվում է, որ գործատուն ստվերում պահող աշխատողի պատճառով պետական հարկերից է խուսափում, իսկ չգրանցված աշխատողը զրկվում է աշխատանքային ստաժից»,-մեկնաբանում է հետազոտողը։
Դիմեցինք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն՝ պարզելու, թե գործատուի կամայականությունն ու արագ հարստանալու բուռն ցանկությունն ինչ մեխանիզմով են վերահսկում: Վարչությունից «Ալիք Մեդիային» տեղեկացրին, որ շաբաթական 40 ժամ աշխատող քաղաքացուն գործատուն իրավունք չունի 75 հազար դրամից քիչ վճարելու: Մեր պնդմանը, թե իրավունք չունի, բայց վճարում է, վերահսկող մարմինը պատասխանեց. «Թող աշխատողը բողոք-դիմումով դիմի տեսչություն, տեսչությունը վարույթ կիրականացնի, եւ չվճարած գումարը կբռնագանձվի գործատուից»:
Այստեղ կրկին փակ շղթայում ենք հայտնվում. գործատուն չի գրանցում, աշխատողը չի գրանցվում… Էլ ո՞վ դիմի տեսչություն. խնդիրը կա, բայց չկա:
Հարցին լուծում տալուն գուցե օգնի նաեւ Ազգային ժողովի օրերս ընդունած «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի վերաբերյալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը, ինչի շնորհիվ անօրինական աշխատողին կամավոր աշխատողից տարանջատելու եւս մեկ մեխանիզմ կգործի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։